«Իշխանության քայլերով պառակտվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. պահն օրհասական է, սփյուռքը պետք է ձայն ունենա». Դավիթ Մնացականյան
«Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրները բազմազան են, հանդիպել եմ մոտ 250 ընտանիքների հետ, վիճակը բավականին բարդ է։ Ապրելով սփյուռքում՝ իրականությունն այլ է, որի մասին տեղեկանում ես միայն լուրերից, իսկ անձնապես գալ ու հասկանալ ինչ է կատարվում՝ բոլորովին այլ է»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանը։
Դավիթ Մնացականյանը մանրամասնեց, թե ինչու է արցախահայության օգնությունը ոչ թե իշխանությունների միջոցով տեղ հասցրել, այլ անձամբ է բերել։ 44-օրյա պատերազմին և դրանից հետո մեծ քանակությամբ ֆինանսական աջակցություն սփյուռքն ուղարկեց Հայաստանին՝ Արցախին ու արցախահայությանն օգնելու համար, սակայն այդ գումարները նպատակին չեն ուղղվել, հետևաբար՝ այդ առումով սփյուռքը հուսալքված է։
«Գործող կառույցը, որը ստեղծվել էր օգնելու Հայաստանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, և տասնյակ տարիներ մենք դրամահավաք էինք անում, կարծում եմ՝ սփյուռքահայերն այս անգամ իրենց հարց կտան, թե որ կազմակերպության միջոցով գումար փոխանցեն Հայաստանին, որ նպատակին ծառայի։ Կարծում եմ՝ կլինեն ընտանիքներ, որոնք դրամը կփոխանցեն այլ հիմնադրամների միջոցով։
Նախկինում մենք ունեինք շատ հզոր եռամիասնական կապ՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, ցավոք, ներկայիս վարչական ապարատի և գործող իշխանությունների քայլերի ներքո և այլ՝ երրորդ ուժերի պատճառով պառակտվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք սփյուռքում ունենանք ավելի արդիականացված կառավարման համակարգ, որը կհամախմբի ու կվերամիավորի սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հետայսու իրենց նվիրատվությունները ճիշտ կերպով մատուցելու և ավելի պահանջատեր լինելու իրենց կողմից իրականացվող բոլոր դրամաշնորհ ծրագրերին։
Ես Հայաստանում ունեմ բավականաչափ մեծ թվով հայրենասեր կամավորներ, նրանց միջոցով է մեր տրամադրած օգնությունը հասել հասցեատերերին»:
Ինչ վերաբերում է սփյուռքի վերաբերմունքին՝ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական օկուպացիային, և հարցին, թե արդյոք սփյուռքը այդ ամենի հետ համակերպվե՞լ է, Դավիթ Մնացականյանը պատասխանեց, որ ապրելով սփյուռքում և կրելով հայի ազգանուն՝ չի կարող երբեք համակերպվել Արցախի կորստի հետ, և յուրաքանչյուր հայ՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող, դժվար թե կարողանա համակերպվել Արցախի կորստի հետ։
«Իմ կարծիքը եղել և մնում է անփոփոխ, Արցախը եղել և մնում է հայոց հող, իմ մայրական ու հայրական՝ պապական հողն է, հետևաբար՝ այս խնդիրն ինձ համար էլ ավելի անձնական է։ Արցախի հարցը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում, և այո, մտածում ենք, որ Արցախը կրկին պետք է լինի Հայաստանի մաս։
Ես այստեղ եմ նաև հասկանալու համար, թե ինչ է ուզում մեր արցախցին: Լսելով նրանց, եկա այն եզրակացության, որ ժամանակն է, որպեսզի ստեղծվի ավելի հզոր ու կազմակերպված լոբբիստական կազմակերպություն, և դրա միջոցով այնպես անենք, որ ԱՄՆ Սենատում բարձրացնենք հարցը։ Իսկ սփյուռքն ամբողջությամբ կարող է ներգրավված լինել Հայոց հարցի մեջ։ Աստված ոչ անի, եթե չունեցանք հայրենիք՝ ուղղակի կլինենք ամբողջ աշխարհում որբացած ազգ»,- շեշտեց Դավիթ Մնացականյանը։
Նրա բնորոշմամբ՝ սփյուռքը հանդիսանում է ամենակարող ուժը՝ Հայաստանին հզորացնելու համար, քանի որ, ի տարբերություն այլ ազգերի, հայ ազգի ամենամեծ հատվածը գտնվում է հայենիքից դուրս։
«Այս պահին սփյուռքն անկասկած պետք է իր ձայնն ունենա, ակնկալում եմ ունենալ ինստիտուցիոնալ մի համակարգ, որի միջոցով սփյուռքի ձայնն էլ ավելի լսելի կլինի ՀՀ իշխանության համար, որովհետև պահն օրհասական է, սփյուռքն ունի ձայնի իրավունք, հետևաբար՝ մեր ձայնը պետք է լսելի լինի։ Չեմ կարծում, թե արտերկրում ՀՀ դեսպաններն ու հյուպատոսները կարող են այդ աշխատանքը ճիշտ կատարել, որովհետև երբ դեսպանը գալիս է ծառայելու իր հայրենակիցներին, ովքեր ապրում են ԱՄՆ-ում կամ այլ պետություններում, շատ դեպքերում չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Չպետք է թերագնահատվի սփյուռքի կատարած այն աշխատանքները, որոնք արվել են Հայաստանի զարգացման համար»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Դավիթ Մնացականյանը կիսում է այն կարծիքները, որ այսօր սփյուռքն ավելի քան երբևէ պառակտված է։ Հայաստան-սփյուռք կապը պետք է վերանորոգել, սփյուռքից միայն գումար ուզելն ազնիվ չէ։
Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին, Դավիթ Մնացականյանը կարծիք հայտնեց, որ այդ պայմանագիրը դժվար թե Հայաստանին խաղաղություն ու անվտանգություն բերի։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018 թվականից հետո Հայաստանը ժողովրդավար երկիր է, ուստի պետք է սփյուռքի հայրենակիցները վերադառնան և ապրեն Հայաստանում, Դավիթ Մնացականյանը հակադարձեց կոնկրետ օրինակներով՝ գիտի ընտանիքներ, որոնք սփյուռքից վերադարձել են Հայաստան, սակայն հետագայում ամբողջ գույքը վաճառել են ու կրկին գնացել Հայաստանից։
«Սփյուռքից վերադառնալու համար և ժողովրդավարությունը, և անվտանգությունը կարևոր են, բայց առաջնայինն անվտանգությունն է, բայց այդ առումով մենք այսօր երաշխիքներ չունենք»,- եզրափակեց Դավիթ Մնացականյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում