Մահվան տեսիլ կամ՝ մի «հաջողության պատմություն»
Իշխանության հասնելու Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը կարելի է համարել նրա անձնական «հաջողության պատմությունը», ինչպես ընդունված է անվանել ժամանակակից պատումները՝ անկախ բովանդակային առանձնահատկություններից։ Այդ պատմությունը կարող է անգամ ներառվել գունավոր կամ անգույն, թավշյա կամ պողպատյա հեղափոխությունների մասին պատմող դասագրքերում և տարբեր երկրներում իշխանազավթման մեթոդական ուղեցույցներում։
«Ընդդիմադիր, հալածյալ լրագրողը, պայքարի անխոնջ մարտիկը՝ զոհաբերելով ամեն ինչ, հանուն իր ժողովրդի փրկության անցնելով բոլոր փորձությունների ճանապարհով, հասավ իշխանության»,- այս նախաբանի ներքո հուզիչ տեսարաններ կարող են պատմվել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Իրականում, զուտ անձնական, անհատական մակարդակում Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը «հաջողության պատմություն է»։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ պատմությունը ճշմարտացի կարող է լինել միայն այն պայմանով, որ ներկայացվի «միջոցների մեջ խտրություն չդնողի», «արգելքներ չունեցողի», «նպատակին հասնելու համար ամեն ինչի պատրաստ մարդու» խորագրերի ներքո։
Նիկոլ Փաշինյանը՝ սկսած լրագրողական առաջին քայլերից մինչև հեղափոխական վերջին քայլերը, առաջնորդվել է հենց այդ՝ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքի գերբացարձակացմամբ։ Եվ իր դեպքում իշխանության հասնելու ու պահպանելու նպատակն ամբողջությամբ արդարացրել է բոլոր միջոցները, այդ թվում՝ Արցախի մեծ մասի հանձնումը, հազարավոր զոհերը, Հայաստանի ինքնիշխանության խայտառակ նվազումն ու ապագործոնացումը, ընդհուպ՝ պետականության կորստի առավել քան իրական սպառնալիքը։
Անձանց «հաջողության պատմությունների» նովելային ժանրից բացի, սակայն, նույն արևմտյան արդեն գիտական խոսույթում կա նաև երկրների մասին պատմող մեկ այլ պատկերավոր եզր՝ «ձախողված պետություն»։ Այս երկու՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երևույթները՝ անհատների «հաջողության պատմությունները» և «ձախողված պետություններն» իրականում օրգանապես կապված են․ բազմաթիվ դեպքերում առանձին անհատներ «հաջողության պատմություններ» են կերտում ոչ միայն «ձախողված պետություններում», այլ որպես կանոն՝ պետության ձախողման հաշվին կամ միայն պետությունը ձախողման դատապարտելու գնով։
Այդ օրինակներում անհատների հաջողությունները հակադարձ համեմատական կապի մեջ են պետության ձախողման հետ, այսինքն՝ որքան հաջողում է դիտարկվող անհատը, այնքան ավելի շատ է ձախողում պետությունը, կամ հակառակը։ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի կապը, հակադարձ համեմատական կապը հենց այս հարթությունում է։
Նրա անհատական հաջողության պատմությունը կերտվել է Հայաստանի ձախողման պատմության հաշվին, նա անձնական ձեռքբերումների է հասել ի հաշիվ Հայաստանի կորուստների։ Հնարավոր է՝ սա միակ օրգանական կապն է Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի միջև։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ այդ կապը Հայաստանի համար արդեն իսկ նմանվում է մահապատժի ենթարկվողի կախաղանի պիրկ պարանի, որը, հրաշքով չկտրվելու դեպքում, հանգեցնելու է այն ելքին, որին սովորաբար արժանանում են ձախողված պետությունները։
Հարություն Ավետիսյան