«Այս վիճակը մենք ենք ստեղծել… Ժողովուրդ, 2018 թվին ի՞նչ էր եղել քեզ… Ինչի տենց բա՞ն են անում… Ո՞ւմ հետևից էիք ընկել… Կամ 2021թ. ի՞նչ արիք…». Հրանտ Բագրատյան
«Առաջին տարին է, որ ոչ ոքի Նոր տարին չեմ շնորհավորում, որովհետև շատ վատ վիճակ է, գալիս է շատ վատ տարի՝ 2023թ.: Բայց մի հույս կա, ու այդ հույսը մենք ենք»,- 168.am-ի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ դիմելով մեր ժողովրդին:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը երկու բան կարող է անել՝ երկրի ներսում քաղաքական փոփոխություններ և ամուր կանգնենք ռազմի դաշտում:
«Ես ուրիշ բան չգիտեմ: Կա այլ բան, որ նոր իշխանությունը երկերեսանիությամբ չպետք է տառապի: Կլինի Հայաստանում շուտով նոր իշխանություն, բայց նա երկերեսանիությամբ չպետք է տառապի: Մեկ ռուսների հետ, մեկ նրանց հետ խաղեր չենք կարող տալ: Չի կարելի թույլ տալ, պետք է լինել բարոյական, հստակ»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Հրանտ Բագրատյանը հիշեցրեց՝ այս վիճակը մենք ենք ստեղծել:
«Ժողովուրդ, կողքից մարդ ման մի եկեք: Նույնիսկ թուրքերը չեն ստեղծել այս վիճակը, առավել ևս՝ ռուսները կամ Արևմուտքը: Այս վիճակը մենք ենք ստեղծել, ժողովուրդը… Ժողովուրդ, 2018 թվին ի՞նչ էր եղել քեզ… Ինչի տենց բա՞ն են անում… Ո՞ւմ հետևից էիք ընկել… Կամ 2021թ. ի՞նչ արիք… Մենք ենք մեղավոր, ես էլ եմ մեղավոր… Երևի շատ բարձր պիտի գոռայինք, որ մեր ձայնը լսելի լիներ… Ո՞նց կարող է 3.500 տարվա պետականություն տեսած ժողովուրդն այսպիսի սխալներ անի: Ես ուզում եմ, որ մի օր մտածեք: Մի՞թե բոլորդ որոշել եք գաղթել Հայաստանից: Ես Արցախի մասին էլ չեմ խոսում, ես խոսում եմ Հայաստանի մասին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա զգուշացրեց՝ կատակ անելու ժամանակը չէ, չպետք է թույլ տալ, որ ամեն մի դատարկ մարդ գնա, նստի, Հանրային հեռուստատեսությամբ ասի ստեր, անի իրականությանը չհամապատասխանող վերլուծական դատողություններ, և մենք հայտնվենք այսպիսի կրակի մեջ:
«Ես հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ, որ նա, այնուամենայնիվ, դիմակայելու վերջին իմաստնությունն ունի: Ես ուզում եմ ապավինել ձեր այդ վերջին իմաստնությանը: Էդ դեպքում արդեն կամաց-կամաց, մի քանի տարվա մեջ այս կրակից դուրս կգանք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: