Այս պահի դրությամբ 2022թ. 265 զոհ ունենք բանակում և 140-160 ք/կմ կորցրած տարածք ՀՀ-ից. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր տարեվերջյան ասուլիսում 2022 թվականը որակեց չվերականգնված արդարության, շարունակվող ցավի և նոր կորուստների տարի:
Քաղաքական գործիչը պարզաբանեց. «Անարդար է այն, ինչ տեղի է ունենում հայերիս հետ, ՀՀ քաղաքացիների հետ այս վերջին 2.5 տարիներում. անարդար է՝ և ՛ աշխարհը մեր նկատմամբ, և մենք ինքներս մեր հանդեպ ենք անարդար եղել, երբ այս արհավիրքի հիմնական պատասխանատուներից մեկին՝ Նիկոլին ու իր ոհմակին չենք կանչել պատասխանատվության:
Չամոքվող ցավն ակնհայտ է. և խոսքը միայն այն ցավի մասին չէ, որն ամփոփված է գերեզմանախորշերում՝ տապանաքարերի տակ, անուն-ազգանունով, ծննդյան ու մահվան թվերով: Դա ցավ է, որ երբեք չի անցնելու: Բայց այդ չամոքվող ցավի մեջ կան մի քանի տասնյակ տոպրակներով չիդենտիֆիկացված հայ տղերք, որոնք մինչև հիմա հողին չեն հանձնվել: Այդ ցավի մեջ կան մոտ 100 ռազմագերիներ, որոնք կտտանքների մեջ են ադրբեջանական բանտերում, տասնյակ անհետ կորածներ, որոնք իրենց օջախներ չեն վերադարձել»:
Արմեն Աշոտյանը շարունակվող կորուստների մասին իր դիտարկումներում հիշեցրեց 2022 թվականին բանակում զոհերի, տարածքային ու դիվանագիտական կորուստների մասին:
«265 զոհ ունենք բանակում՝ մեծ մասը՝ մարտական, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում, հուսով եմ՝ մինչև տարեվերջ այդ թիվը չի փոխվի: Մենք ունենք տարածքային կորուստներ՝ 140-160 քկմ ՀՀ տարածքից չի վերահսկվում ՀՀ կողմից:
Հաջորդը՝ դիվանագիտական կորուստներն էին 2022 թվականին. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ որպես խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքի բացակայություն խնդրին վերաբերող միջազգային փաստաթղթերից, պարալիզացված Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտների պարագայում՝ հիմնավորել ԱԺ դահլիճից, թե ինչու պետք է նա շարունակի երկկողմ կամ եռակողմ ձևաչափերով ծախել Արցախը (փոխանակ դնել լեգիտիմ պահանջ, ակնկալիք՝ վերականգնելու Մինսկի խմբի օպերատիվությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը հիմնավորեց, որ չի պատրաստվում սպասել ՄԽ համանախագահության ինստիտուտի վերագործարկմանը):
Հաջորդ դիվանագիտական կորուստը. «Լեռնային Ղարաբաղի» հասկացություն, ձևակերպում 2022 թվականին ընդունված փաստաթղթերում չկա. Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ՝ Նիկոլի դիտավորյալ քաղաքականության արդյունքում դուրս է եկել միջազգային փաստաթղթաշրջանառությունից: «Արցախի ժողովուրդ» չկա այդ փաստաթղթերում. կա Ղարաբաղի հայ բնակչություն:
Այսպիսի դիվանագիտական խայտառակ կորուստներ, հանձնումներ է արձանագրում ապիկար և սրիկա իշխանությունները»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում