«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Երևանից ու հարակից տարածքներից մեզ դիմել է 223 անձ, 53-ը՝ անչափահաս». Միքայել Վիրաբյան
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ, ուսանողներ, երեխաներ չեն կարողանում Երևանից հասել իրենց տուն՝ Արցախ։ Մարդկանց մի մասը Երևան էր եկել բուժման կամ այլ նպատակներով։ Նրանք արդեն 16-րդ օրն է՝ զրկված են իրենց ընտանիքի մյուս անդամներին միանալու հնարավորությունից։
168.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասաց, որ այս պահին հարյուրավոր արցախցիներ կան Երևանում և Երևանի հարակից տարածքներում, որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ։
«Այս պահին միայն Երևանից ու հարակից տարածքներից մեզ դիմել է 223 անձ, որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Ճանապարհին մնացած մարդկանց մի մասն էլ Գորիսում է, այդ մարդկանց ընդհանուր թիվը մեր խնդրանքով ճշտում են: Մեր ունեցած տեղեկություններով, 300 հոգուց ավելի մարդ էլ Գորիսում են, բայց մարդիկ կան նաև Սյունիքի մարզի այլ տարածքներում, ես միայն Գորիսում եղած անձանց թիվն ասացի»,- նշեց Միքայել Վիրաբյանը։
Ըստ նրա, ճանապարհի փակ լինելու պատճառով Երևանում մնացած արցախահայերը Օպերատիվ շտաբին հիմնականում դիմել են կացության և սննդի խնդրով։
«Նրանց կացությունն ապահովում ենք՝ համագործակցելով ՀՀ սոցապ նախարարության հետ, սննդի հարցով էլ ենք համագործակցում, սակայն լինում են դեպքեր, որ սնունդը մենք առանձին հ/կ-ների միջոցով ենք հասցնում մեր հայրենակիցներին։
Մեզ դիմած քաղաքացիները հիմնականում ընտանիքներով են, այսինքն՝ ընտանիքի անդամների մի մասով. մեզ դիմել են 103 ընտանիք կամ մարդկանց խումբ։ Ինչո՞ւ եմ ասում՝ մարդկանց խումբ, որովհետև մարդիկ իրենց գործընկերներով աշխատանքի բերումով եկել են Երևան, ճանապարհը փակվել է, ու չեն կարողացել Արցախ վերադառնալ։ Ընտանիքների մեծ մասը բուժման նպատակով են եկել Երևան։ Այս մարդկանց փորձել ենք նաև դեղորայքով աջակցել, բայց հետաքրքրվել ենք, որ դեղորայք ունեն։ 223 հոգուց 53-ն անչափահասներ են, որոնք Երևան են եկել սպորտային միջոցառումների կամ «Եվրատեսիլը» դիտելու համար»,- եզրափակեց Միքայել Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։