«Ցավում եմ, բայց անզոր եմ՝ ոչինչ անել չեմ կարող». ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբը փակվում է
«Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը»,- տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ:
Հետևաբար՝ այս ամենը հաշվի առնելով, Երևանի Խ. Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները, որը բացվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ արցախահայության խնդիրներով զբաղվելու համար։
168.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասաց, որ շատ բան չի կարող ասել, ունի իր անձնական կարծիքը, ինչը չի համընկնում այս որոշման հետ։
«Շտաբի վերջին 3 տարիների կատարած աշխատանքն ամբողջովին փոխանցվելու է Հայաստանին։ Իսկ Արցախի մյուս նախարարություններն իրենց մասով իրենց ծրագրերը կփոխանցեն համապատասխանաբար ՀՀ նախարարություններին։
Կարծում եմ՝ իմ 30 տարվա աշխատանքային փորձը, տեղահանվածների հետ վերջին երեք տարվա աշխատանքը կարող էր օգտակար լինել ժողովրդին։ Ամեն դեպքում հիմա ավելի հեշտ կլիներ աշխատելը, քան ծրագիրը հանձնել, ու որոշ ժամանակ էլ պետք կլինի, մինչև ծանոթանան տեղահանվածների ճակատագրին»,- նշեց Միքայել Վիրաբյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ցավում է շտաբը փակելու որոշման համար։
«Ցավում եմ, բայց անզոր եմ, ես ոչինչ անել չեմ կարող, ինչ ղեկավարությունը որոշում է, դրանով էլ առաջնորդվում ենք»,- եզրափակեց Միքայել Վիրաբյանը։