Ադրբեջանի իշխանությունների դավադիր ծրագրի նպատակն Արցախ-Հայաստան կապը կտրելն է. Վահե Մահշիկյան

«Բերձորի միջանցք կեղծ բնապահպանների ուղարկած Ադրբեջանի իշխանությունների դավադիր ծրագրի նպատակն Արցախ-Հայաստան կապը կտրելն է ու ժամանակի ընթացքում Արցախը հայաթափելն է»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը:

Նրա խոսքով՝ միջազգային դավադիր ծրագիր կա Հարավային Կովկասի դեմ:

«Իսրայելը շահագրգռված է Կովկասում իր ներկայությունը հաստատելու համար, Թուրքիան ցանկանում է դեպի Արևելք ցամաքային կապ ունենալ: Իրանն էլ ուզում է դեպի Սև ծով ճանապարհ ունենալ: Այս երկու շրջանային զորավոր ծավալապաշտ պետությունների շահերի հանգույցը Հայաստանն է՝ Արցախով: Իսկ մեծ պետությունների շահերի հիմքում ադրբեջանական նավթը և գազը դուրս հանելու ապահով ճամփա ունենալու հետ կապված հարցն է»,- ընդգծեց հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:

Խոսելով հայ-արաբական հարաբերությունների մասին՝ Վահե Մահշիկյանն ասաց, որ արաբները միշտ էլ շրջանի երկու մեծ ուժերի՝ Թուրքիայի և Իրանի քաղաքականությունների դեմ են եղել, ուստի միշտ հայերի կողմից են, հատկապես, որ նույն թշնամական վերաբերմունքն են ապրել:

Կարդացեք նաև

«Սակայն ցավով պետք է ասեմ. ՀՀ կառավարության կողմից ոչ մի քայլ արված չէ արաբական պետությունների հետ հարաբերությունները բարելավելու համար: Անշուշտ, մենք որպես հայ անհատներ՝ միշտ էլ ջանք չենք խնայում, մեր հայանպաստ դերը կատարում ենք թե՛ արաբ ժողովրդի, թե՛ պետությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելուն՝ Վահե Մահշիկյանը շեշտեց՝ ստեղծված խնդիրը պետք է կարողանանք լուծել ազգային միասնական ջանքերով:

«Ուր սեր կա, այնտեղ հաջողություն կա: Ամբողջ աշխարհում սփռված հայության միջոցները աշխարհը կցնցի, երբ ճիշտ օգտագործվի: Մենք միայն մեր ուժերին պետք է վստահենք: Չպետք է մոռանանք, որ օտարներն իրենց շահերն են միայն հետապնդում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս