Թիրախները պատահական չեն ընտրվել

Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Իրենց հեռահար նպատակին հասնելու համար այս փուլում թիրախավորել են տնտեսությունը՝ փորձելով դրան հասնել հանքերի գործունեությունը կասեցնելու միջոցով։ Որքան էլ Արցախի տնտեսությունը փոքր է, այն թույլ է տալիս այս կամ այն չափով լուծել այստեղ ապրող մարդկանց զբաղվածության, պետական ինստիտուտների կենսագործունեության, բնակչության եկամուտների ապահովման հարցերը։

Արտաքին աշխարհի հետ կապի արգելափակումը տնտեսությանը զրկում է իր ունեցած սակավ ռեսուրսների սահմաններում լիարժեք գործելու հնարավորությունից։

Բայց դա այն է, ինչին ձգտում է Ադրբեջանը։

Դրանով «Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ»։ Օրերս հայտարարեց Արցախի դատախազությունը:

Բոլորովին պատահական չէ, որ ադրբեջանցի «բնապահպանների» թիրախում հայտնվել են հանքերը և առաջին հերթին՝ Կաշենն ու Դրմբոնը։

Դրանք առանցքային դեր ունեն՝ ինչպես Արցախի տնտեսության, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում։ Մեծ է նաև այդ հանքերի սոցիալական նշանակությունը։ Այստեղ հազարավոր մարդիկ են աշխատում, աշխատավարձ են ստանում, այդպիսով հոգալով իրենց սոցիալական կարիքները։

Ադրբեջանը համարում է, որ Արցախն իրավունք չունի շահագործել իր տարածքում գտնվող հանքավայրերը։ Մինչդեռ նման պնդումը դուրս է միջազգային իրավունքի նորմերից և ընդհանրապես որևէ տրամաբանությունից։

«Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»,- իր հայտարարության մեջ արձանագրել է Արցախի դատախազությունը:

Բայց այն, ինչ ընդունված է միջազգային իրավունքի ուժով, ինչպես միշտ, Բաքուն անտեսում է ու արհամարհում։

Օգտվելով ուժի իրավունքից ու Հայաստանի թուլացումից, փորձում են իրենցով անել Արցախի տարածքում մնացած հանքերը։ Բաքվում վաղուց արդեն որոշել են, որ դրանք պատկանում են իրենց և կարող են շահագործման հանձնել, ում կուզենան։

Թերևս, այդպես էլ արել են. Արցախի տարածքում գտնվող հանքերը հանձնել են բրիտանաադրբեջանական ինչ-որ ընկերության։ Հիմա էլ ուզում են կյանքի կոչել իրենց որոշումը։

Այս փուլում «մոնիտորինգի» անվան տակ մտադիր են արգելել հանքերի շահագործումը։ Հաջորդ փուլում հավանաբար կպահանջեն «տերերին» հանձնել հանքերը։

Այն, ինչին ուզում են հասնել ադրբեջանցի «բնապահպանները», կզրկի Արցախին տնտեսական, սոցիալական ու բյուջետային եկամուտների ստացման առանցքային հնարավորություններից։

Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը, որը շահագործում է «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, Արցախի ամենախոշոր հարկատուն է, նաև խոշոր գործատուն։ Այն ապահովում է պետական բյուջեի եկամուտների զգալի մասը։

Մինչև պատերազմը վերջինիս էր բաժին ընկնում բյուջե վճարվող հարկերի ու տուրքերի մեկ երրորդը։ Պատերազմից հետո, երբ տնտեսության այլ հատվածներից ստացվող եկամուտները նվազել են, «Բեյզ Մեթըլսի» դերն ավելի է մեծացել։

Առանց այդ էլ Արցախի բյուջեն մեծ չէ, եկամուտները հազիվ մի քանի տասնյակ միլիարդ դրամի են հասնում։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 39,7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Հավաքված եկամուտները նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացել են՝ գրեթե 13 միլիարդով կամ ավելի քան 48 տոկոսով։ Բայց դրանով հանդերձ, ակնհայտ է, որ Արցախի բյուջեն մեծ չափերի հարկային եկամուտներ չունի։

Տարեսկզբի 11 ամիսներին դրանք եղել են ընդամենը 100 մլն դոլարի շրջանակներում, որի 78 տոկոսից ավելին ապահովել են խոշոր հարկատուները։

Տասնմեկ ամսում հարկային ընդհանուր 39,7 մլրդ դրամից նրանք վճարել են 31 միլիարդը՝ գերակշիռ մասը բաժին է ընկնում հենց «Բեյզ Մեթըլսին»։

Իհարկե, Արցախի բյուջեի այս եկամուտները բացառապես ներքին հարկերն են։ Դրանց մեջ ինչպես չեն մտել, այնպես էլ չեն մտնում ներմուծումից սովորաբար ստացվող եկամուտները, որոնք, ըստ էության, գնում են Հայաստանի բյուջե։ Ու երբեմն, երբ թմբկահարվում է, թե կառավարությունն այդքան մեծ ֆինանսական օժանդակություն է տրամադրում Արցախի բյուջեին, պետք է իմանալ, որ այդ գումարների մի մասը ձևավորվում են հենց Արցախի սպառողական պահանջարկի հաշվին։

Հայաստանից Արցախ ներմուծումները հավելյալ հարկման չեն ենթարկվում։ Դրանք հարկվում են Հայաստանի սահմանին ու մտնում Հայաստանի բյուջե։

Այս հանգամանքն ազդում է Արցախի բյուջեի եկամուտների վրա։ Այն չի ստանում, այսպես ասած, մաքսային հատվածի եկամուտներ, որոնք ձևավորվում են ներմուծումներից։

Արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումն իր ուղղակի ազդեցությունը կթողնի Արցախի՝ ինչպես տնտեսության, որը մինչ այդ բավական բարձր աճեր էր գրանցել, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների վրա։

Սպասվում է, որ դեկտեմբերին բյուջեի հարկային եկամուտների զգալի կորուստներ կլինեն։

Ճանապարհի շրջափակումը լուրջ ռիսկեր է ստեղծել ոչ միայն պարենային ու ոչ պարենային ապրանքների, հումքի ներմուծումների, այլև արտահանումների համար։ Այն, որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ նպատակ ունեն խոչընդոտել ոչ միայն Արցախի տնտեսության գործունեությունն ու հանքերի շահագործումը, այլև արտադրանքի արտահանումը։

Հիմա էլ ուզում են Արցախից դուրս եկող ու ներս մտնող բեռները ստուգել։

Մաքսակետի տեղադրումը մտնում է այն հիմնական նպատակների մեջ, որոնք թաքնված են ադրբեջանցի «բնապահպանների» գործողություններում։ Նրանց հակազդելու բոլոր փորձերն առայժմ որևէ արդյունք չեն տալիս։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը շարունակում է շրջափակված մնալ՝ ամեն օրվա հետ խորացնելով հումանիտար ճգնաժամը։

Ապշեցնում է Հայաստանի իշխանությունների հանգստությունն ու անտարբերությունը. ճանապարհի բացման ամբողջ պատասխանատվությունը դրել են ռուս խաղաղապահների վրա ու մի կողմ քաշվել։ Մոռանում են, որ այս ամենն իրենց արածի հետևանքն է, որը կրում է, ու դեռ հայտնի չէ, թե ինչքան պիտի կրի Արցախի 120 հազար բնակչությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս