Ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը կարևոր հարց է, նախասիրությունների հարց չէ. ադրբեջանագետ

«Խնդիրը հումանիտար շեշտադրումներով է դրվում, բայց խնդիրն ունի լուրջ քաղաքական շերտ, և, կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է աշխատել, որովհետև այն,  ինչ կատարվում է,  ապացուցում է՝  Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհի 12-օրյա շրջափակմանը:

Արդյո՞ք Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի փակելը, հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար լարվածության ստեղծումը նոր ռազմական էսկալացիայի տանելու փորձեր կարելի է դիտարկել՝ մեր հարցին ի պատասխան՝ ադրբեջանագետը նկատեց, որ իրավիճակը տարածաշրջանում բարդ է, ու շատ դժվար է հասկանալ՝ ի՞նչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները:

«Իրավիճակը բարդ է ոչ միայն Հայաստանի և Արցախի շուրջ, նաև, օրինակ, Իրանի շուրջ: Վերջին շրջանում մի հետաքրքիր միտում կա. Ադրբեջանում Իսրայելի դեսպանը վերջերս տեղական լրատվականներից մեկին հարցազրույց էր տվել՝ ասելով, որ պետք է ձևավորել միասնական ճակատ Իրանի դեմ, Իրանը ներկայացրել էր խնդիր ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար, և առաջարկել էր, որպեսզի Ադրբեջանը, Թուրքիան և Արաբական աշխարհը միավորվեն Իրանի դեմ:

Այդ նույն հարցազրույցից հաշված ժամեր անց հրապարակվեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցն իսրայելական Haaretz-ին, որտեղ նա նշել էր, որ թեև սերտ հարաբերություններին, որոնք կան Իսրայելի և Ադրբեջանի միջև, այդուհանդերձ, Ադրբեջանը երբեք չի դառնա պլացդարմ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար: Այս հայտարարությունները գալիս են փաստելու, որ այդ պլանը հստակորեն քննարկվում է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Այս համատեքստում Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ բազմից է անդրադարձել Կովսականում «խելացի գյուղեր» նախագծի անվան տակ հնարավոր ռազմական բնույթի գործողությունների նախապատրաստմանը:

«Վերջերս Սաուդիան Արաբիայի թագավորության պատվիրակությունն այցելեց այդ տարածք: Եվ ես բնավ պատահական չեմ համարում Իրանի բավականին չեզոք դիրքն այս իրավիճակում, որովհետև Իրանում հասկանում են նաև՝ շատ խմորումներ գնում են հենց իրենց շուրջ, և չեն ուզում այս պահին սլաքներն իրենց դեմ ուղղել: Իրենք նշել են, որ իրենց կարմիր գիծը ՀՀ ինքնիշխանությունն է և Հայաստան-Իրան պատմական սահմանը, դրա համար շատ ակտիվ միջամտություն չեն ցուցաբերում այս պահին»,- նկատեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ դիմակայելու առկա մարտահրավերներին, ցույց տալու, որ իրենք ևս ունեն կարմիր գծեր, ՔՊ-ական նախկին պատգամավորը նշեց. «Ցավոք սրտի, եթե իրենք այդ տրամաբանությամբ առաջնորդվեին, թեկուզ վերընտրվելուց հետո, օրինակ, հավատարիմ մնային նախընտրական ծրագրին, որտեղ նշել էին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նույնիսկ նշել էին,  թե ինչու պետք է պայքարեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը կարևոր հարց է, նախասիրությունների հարց չէ, որովհետև երբ մենք հրաժարվում ենք իրավունքից, որը 30 տարվա բանակցային գործընթացի գլխավոր կետերից մեկն է եղել, և ամբողջ խնդրի լուծումը դրա մեջ է (Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, որովհետև Ադրբեջանն է գլխավոր սպառնալիքն Արցախի համար), նշանակում է, որ ռազմական ճանապարհը կարող է վերջ տալ այդ խնդրին»:

Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ այդուհանդերձ, Արցախի իշխանությունները տապալել են Բաքվի հաշվարկները, քանի որ 12 օր համառությամբ բլոկադայի մեջ են՝  չգնալով զիջումների:

Նա համոզված է, որ թեև կուլիսային բազմաթիվ զրույցներ են ընթանում, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները միակողմանի զիջումների չեն համաձայնում՝ շատ ճիշտ գնահատելով իրավիճակը:

«Իրենք շատ լավ հասկանում են, որ այստեղ միայն հանքի հարցը չէ (որ մտնեն հանք, ստուգեն և վերջ), այլ Արցախի կյանք ներխուժելու, անկախ տնտեսական ռեսուրսներից զրկելու և Արցախն իրենց ենթարկելու ծրագրի մասն է:

Ադրբեջանցիները դա հստակ նշում են նաև օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Օրինակ,  Բայրամովի և դիվանագետների հետ հանդիպման մամլո հաղորդագրությունում հորդորում են՝ կոչեր չհնչեն, որովհետև իբրև փորձում են ինտեգրել այնտեղ ապրող քաղաքացիներին: Դա իրենց պաշտոնական դիսկուրսն է, ինչն ինձ հիշեցնում է այն, ինչ Թուրքիան է անում՝ մի ճանաչեք Ցեղասպանությունը, որովհետև հայերի հետ գործընթաց ենք կարգավորում»,- ամփոփեց ադրբեջանագետը:

Տեսանյութեր

Լրահոս