«Իշխանություններին չի մտահոգում այս իրավիճակը. նման իրադրության առաջին մեղավորն ու պատասխանատուն հենց իշխանություններն են». Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արդեն 11 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը։ Արցախում 120 հազար հայ զրկված է արտաքին աշխարհի հետ կապից, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանք ու դեղորայք, մթերային խանութները դատարկ են:

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված ճգնաժամին՝ թեև ցավով արձանագրեց, որ աշխարհաքաղաքական այս հսկայածավալ տեղաշարժերի փուլում նման պետական կառավարմամբ ու իշխանությամբ չենք կարող մեր արժանի տեղն ունենալ մյուս պետությունների ու ժողովուրդների կողքին, սակայն  հույս հայտնեց, որ համախմբումով հաղթահարելու ենք նաև այս փորձությունը:

– Սրբազան, դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ճանապարհը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների նման գործողությունները, որոնք լրջագույն խնդիրներ են ստեղծել Արցախի մեր հայրենակիցների համար։

Կարդացեք նաև

Մտովի տեղափոխվում ենք 90-ականներ, երբ դարձյալ Արցախ-Հայաստան կապը կտրված էր, Արցախը շրջափակման մեջ էր, սակայն մենք կարողացանք մեր մեջ ուժ գտնել, համախմբվել և հաղթահարել անհաղթահարելի թվացող իրավիճակը։ Նույնը, ցավոք, կրկնվում է նաև այսօր։ Թշնամու ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել, Արցախը հայաթափելու և էթնիկ զտումներ իրականացնելու մտադրությունը չի վերացել, հետևաբար՝ խաղաղ համակեցության և խաղաղության դարաշրջանի մասին խոսողների համար գուցե սա սթափեցնող լինի։ Մեզ համար սպասելի էր, որ ադրբեջանական կողմն օրերից մի օր դիմելու է այս քայլին, փորձելու է հոգեբանական ճնշում գործադրել արցախահայության վրա՝ օգտագործելով ամեն հնարավոր ու անհնար միջոցներ, այդ թվում՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումը բնապահպանական ակցիայի քողի տակ։ Արցախի մեր հայրենակիցները կանգնած են լուրջ հումանիտար խնդիրների առաջ, և մենք ամեն ջանք պիտի գործադրենք օր առաջ կյանքի այդ ճանապարհը կրկին բացելու համար։

– Այսօր ավելի քան իրական է Արցախում Ցեղասպանության սպառնալիքը, սակայն հանրությունը կարծեսչի ընկալում իրավիճակի ողջ լրջությունը. ինչո՞ւ:

– Եթե խոսենք հայ հանրության մասին, ապա իրապես մեր հանրության մի ստվար հատվածի արդեն 4 տարի պահում են թմբիրի մեջ՝ սնելով կեղծ, մտացածին արժեքներով ու գաղափարներով, սերմանելով անտարբերություն ու ատելություն։ Ակնհայտ է մեր հայրենակիցների մի մասի անտարբերությունը, պահի օրհասական լինելու գիտակցության բացակայությունը, ինչը խիստ մտահոգիչ է, բայց, ինչպես նշեցի և բազմիցս ասել եմ՝ դա Հայաստանի ապաշնորհ իշխանությունների «ձեռքբերումն» է։ Այս առումով մեծ անելիք ունենք բոլորս, յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր հայ, ամեն մեկս՝ մեր դիրքում ու մեր տեղում: Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա միանշանակ ոչ պատշաճ կեցվածք ունի նաև միջազգային հանրությունը։

Արևմուտքը, որ մշտապես փողահարում էր մարդկային իրավունքների հիմնարար սկզբունքների մասին, խոսում էր քաղաքակրթության, ազատության և այլ բարձրագույն արժեքների մասին, այսօր ուղղակի աչք է փակել ադրբեջանական իշխանությունների նոր ցեղասպան քաղաքականության վրա՝ առավել կարևորություն տալով նավթին ու գազին։ Աշխարհն այսօր պատրաստվում է Փրկչի Ծննդյան տոնակատարություններին, մինչդեռ նույն այդ աշխարհի անարդար կեցվածքի ու լռության պատճառով արցախահայությունը կտրված է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից, Հայաստանում և Սփյուռքում մեր հայրենակիցները տառապալից և տագնապալից օրեր են ապրում, քանզի Սրբազան Հայրենիքի մեկ հատված գտնվում է շրջապատման մեջ։

Ես, իբրև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, շուրջ 30 տարի ապրելով ու ծառայելով Եվրոպայում, ինձ խաբված եմ զգում, քանզի հավատացել եմ արևմտյան քաղաքակրթության բարձրագույն արժեքներին, մարդասիրական ճառերին, սակայն կյանքի ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակումն ու աշխարհի ոչ համաչափ արձագանքն ինձ ստիպեց սթափվել ու հասկանալ, որ համամարդկային արժեքներն Արևմուտքում փոխարինվել են նավթային ու քաղաքական շահերով։

– Հայ ժողովուրդն այսօր ունի՞ Ցեղասպանությունը կանխելու իմունիտետ:

– Այո։ Միանշանակ ունենք իմունիտետ՝ շնորհիվ այն գիտակից ու նվիրյալ հայորդիների, հերոսների, որոնց ծնել են հայ մայրերը, որոնք շարունակում են պայքարել Հայրենիքի փրկության համար։ Մեր իմունիտետը, ուժը մեր միասնականության և մեր հավատքի մեջ է, առանց որի, դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք մենք դարեր շարունակ դիմակայել այդքան ասպատակությունների, ավերածությունների, վերածնվել նույնիսկ ցեղասպանությունից հետո։ Ուղղակի պետք է համախմբել բոլոր կարող, հայրենասեր, ազգային շահով ու գաղափարախոսությամբ առաջնորդվող մեր հայորդիներին և համակարգված ու միասնական աշխատանքով լծվել Հայրենիքի փրկության առաքելությանը։

– Այս բարդագույն ժամանակահատվածում ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների ջանքերը՝ նման իրավիճակները կանխելու հարցում:

– Ինչքան էլ տարօրինակ հնչի, իշխանություններին չի մտահոգում այս իրավիճակը, ավելին՝ նման իրադրության առաջին մեղավորն ու պատասխանատուն հենց իշխանություններն են։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ այս իշխանությունների անընդունելի քաղաքականության շնորհիվ ունեցել և շարունակելու ենք ունենալ մարդկային ու տարածքային կորուստներ, մշտապես վտանգված է լինելու արցախահայության խաղաղ ապրելու իրավունքը, կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել անվտանգային ու ռազմավարական լուրջ խնդիրների առջև։

Աշխարհաքաղաքական այս հսկայածավալ տեղաշարժերի, նոր աշխարհակարգի հաստատման այս կարևորագույն փուլում նման պետական կառավարմամբ ու իշխանությամբ մենք չենք կարող մեր արժանի ու պատվավոր տեղն ունենալ մյուս պետությունների ու ժողովուրդների կողքին։ Բայց փառք Տիրոջը, քիչ չեն նաև այն անհատները, կազմակերպությունները, մասնագետները, փորձագետները և, ի վերջո, հայրենասերները, որոնց գործողությունների շնորհիվ մենք պահպանում ենք մեր լավատեսությունը և վստահ ենք, որ մեր ուժերով, համախմբումով ու Բարձրյալի օգնականությամբ հաղթահարելու ենք նաև այս փորձությունը, թերթելու ենք նաև պատմության այս սև էջը և կերտելու ենք նոր ու լուսավոր ապագա, հզոր Հայաստան, հզոր ու հայկական Արցախ։

– Հայ եկեղեցու թեմերն այս ճգնաժամային իրավիճակում ի՞նչ նախաձեռնություններով են հանդես գալիս:

– Հայ Եկեղեցին, իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով, մշտապես անգնահատելի աշխատանք է տանում՝ ոչ միայն օրհասական պահերին, այլ՝ շարունակաբար, անդադրում։ Նման իրավիճակներում թեմակալ առաջնորդների, առաջնորդական տեղապահների կամ Հայրապետական պատվիրակների կողմից նամակներ են հղվում եկեղեցիների պետերին, էկումենիկ ու միջեկեղեցական կառույցներին, տարբերի միջազգային կազմակերպությունների ու կառույցների, կազմակերպվում են բողոքի և իրազեկման ակցիաներ, այն երկրներում, որի Խորհրդարանում հայ պատգամավորների ներկայություն կա, ինչպես, օրինակ, Ռումինիայում, քաղաքական հայտարարություն է արվում հենց Խորհրդարանի ամբիոնից՝ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը։

Սփյուռքը արթուն է, Սփյուռքը կտրված չէ իրականությունից և շարունակում է ապրել Հայրենիքի հոգսերով ու պայքարել, ինչքան էլ որ փորձում են սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ։

Տեսանյութեր

Լրահոս