Փորձում են Հայաստան-Արցախ կապը կտրել, բայց չեն էլ պատկերացնում, թե դա ինչի կարող է հանգեցնել, արցախցուն իրենք լավ չեն ճանաչում. Վարդան Ասծատրյան
«Արցախում մրգի և բանջարեղենի խնդիր կա: Առաջացել է նաև բենզինի խնդիր»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել և կարծում է, թե դրանով կկարողանա հասնել նրան, որ արցախցին իր հողից դուրս գա:
«Քայլ առ քայլ, նպատակադրված իրենց ծրագիրը կատարում են: Ճանապարհ փակել-բացելը միշտ շարունակելու են՝ մինչև, իրենց կարծիքով, ժողովրդի թիվը նվազի, որովհետև իրենք չեն պատկերացրել, որ 44-օրյա պատերազմից հետո այդքան մարդ հետ է գնալու: Իրենք հստակ գիտեն՝ ինչ են ուզում, ու առանց շտապելու իրենց «գործն» անում են, սակայն պետք է հիասթափեցնեմ, ոչինչ չի ստացվելու, արցախցուն իրենք լավ չեն ճանաչում: Ինչքան բարդ է, այնքան դու ավելի ես ուժեղանում. այդպես եղավ պարսիկների ժամանակ, հետո բոլշևիկները եկան, ապա սկսվեց Արցախյան առաջին պատերազմը: Մեկ տարի լրիվ բլոկադայի մեջ էինք, բայց արցախցին կրկին չլքեց իր հողը»,- նշեց Վարդան Ասծատրյանը:
Շուշիի գորգերի թանգարանի տնօրենն ընդգծեց՝ շատ բան կախված է Հայաստանի ժողովրդից:
«Փորձում են Հայաստան-Արցախ կապը կտրել, բայց չեն էլ պատկերացնում, թե դա ինչի կարող է հանգեցնել: 1991թ. փակեցին ճանապարհ, ու դա հանգեցրեց նրան, որ Շուշին ազատագրեցինք: Այսպիսի դեպքերում ժողովուրդը պետք է ղեկավարության հզորությունը զգա: Այն ժամանակ զգում էր: Հիմա էլ ժողովուրդը սպասում է քայլերի, որ համապատասխան քայլեր ինքը ևս անի: Հասկանում եմ, պատերազմում պարտվել ենք, և այլն, սակայն ժողովրդին դուրս հանելը կարելի է, ինչպես արվեց 1988 թվականին: Այս ամեն ինչի գաղափարական պահը հենց դա է. ինչո՞ւ չի արվում, ես չգիտեմ»,- հավելեց Վարդան Ասծատրյանը:
Հիշեցնենք, որ արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: