«Հեյդար Ալիևն ասում էր՝ ածել ենք մեշոկը, մնացել է բերանը կապենք. ճանապարհը փակելով՝ մեշոկի բերանն են փակել, եթե ուրիշ տարբերակ չունենանք, այդ մեշոկը «ճղելու» ենք». արցախցի
«Որպես արցախցի՝ կասեմ, որ մունք լավատես ենք, հալա հույսներս չենք կտրում, որ ճանապարհը բացելու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն 9 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 66-ամյա Ալյոշա Ավանեսյանը։
Արցախցի տղամարդու խոսքով՝ գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա․
«Ոնց եղել ենք, նույն էլ կանք՝ ուժեղ։ Դուք ասեք, ի՞նչ կա-չկա, լա՞վ եք։ Ապրեք, որ զանգում եք, հետաքրքրվում եք։ Տեսնենք, երբ է մի լույս է բացվում մեզ վրա․․․ Ճիշտ է՝ մենք փոքր ազգ ենք, բայց դե ոչինչ, Աստված մեզ հետ է լինելու, որովհետև մենք մաքուր ազգ ենք»։
Հաշվի առնելով, որ շուրջ 10 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է, պարենի մատակարարումները դադարեցվել են, Վանք գյուղի բնակչին հարցեցինք, համայնքում սննդի հետ կապված խնդիրներ կա՞ն․«Մի քիչ պակասություն կա, մի քիչ էլ՝ թանկություն, բայց դե, յոլա ենք գնում, չենք բողոքում։ Համայնքում բնականոն ձևով կյանքը շարունակվում է՝ դպրոց, մանկապարտեզ…»։
Համագյուղացիների մեջ կա՞ն մարդիկ, որ առողջական խնդիրներ ունեն ու ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարող բուժումը Հայաստանում շարունակել․
«Հա, այդպիսի մարդիկ էլ ունենք գյուղում, մեծ գյուղ ա»։
Ըստ Ձեզ՝ թշնամու նպատակը ո՞րն է, ինչո՞ւ է այս քայլին գնացել. «Առաջվա պատերազմի ժամանակ Հեյդար Ալիևն ասում էր՝ «ածել ենք մեշոկը, մնացել է մեշոկի բերանը կապենք»։ Հիմա սրանք մեզ շրջափակել են, ածել են մեշոկը, ճանապարհն էլ փակելով՝ մեշոկի բերանն են փակել։ Բայց իրենց նպատակին չեն հասնելու, եթե ուրիշ տարբերակ չունենանք, այդ մեշոկը «ճղելու» ենք․․․
Հասկանում ենք, փորձում են վախեցնել, որ մարդիկ դուրս գան, բայց արցախցին ո՞ւր պետք է գնա, սա մե՛ր երկիրն ա։ Մեր կանգնած հուշարձանները, եկեղեցիները դրանք պատմություն են, առանց գիրք պատմություն, որ չես կարող կարդալ, հենց ինքն իրենով արդեն գրած է՝ որ թվականից որ թիվը, բայց կանգնում ասում է՝ մերն է, մեր Խանքենդն է։ Խանքենդն էլ, որ պերեվոդ ես անում, դառնում է՝ թագավորի գյուղը։ Բայց իրենք ո՞ւր էին, որ Արցախը կար։ Հիմա, ո՞վ է կանգնում ու ապացուցում, որ դա ձերը չէ, դա արցախցունն է, Արցախը եղել է ու կմնա։
Իրենք լավ գիտեն, որ սա մեր հողն է, դրա համար հենց մի տարածք գրավում են, արագ հայկական հետքերը մաքրում են, որ ներկայացնեն իբրև ադրբեջանական, բայց դա չի հաջողվելու իրենց։ Օրինակ՝ Դադիվանքը 6-րդ դար է, բայց կարողանո՞ւմ ենք ապացուցել, այ դա է ցավը․․․»։
Ալյոշա Ավանեսյանի հետ զրույցն ավարտեցինք՝ պայմանավորվելով, որ հաջորդ հարցազրույցը Արցախում՝ Վանք գյուղում է լինելու, ինչպես 1 տարի առաջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։ Հիվանդներից մեկը երեկ մահացել է։