«Մենք հաղթանակել ենք ու մի՛ անգամ էլ կհաղթենք»․ կյանքը Արցախի Վանք գյուղում
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կյանքը շարունակվում է, մարդիկ աշխատում են՝ ապրում, չեն պատրաստվում այս ծանր պահին գյուղը թողնել, արտագաղթել։ Ասում են՝ կյանքն առաջվանը չէ, չի էլ լինի, բայց պետք է հույսը չկորցնել և ամենօրյա կատարած աշխատանքով նորից երկրի սահմանները վերականգնել։
168.am-ը շրջել է Վանք գյուղում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց մտահգություններն ու ապագայի մասին տեսլականը։
Գյուղի գլխավոր փողոցում, որտեղ իրար կողքի գտնվում են դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը և մի քանի տներ ու խանութներ, հանդիպեցինք 65 տարեկան Ալյոշա Ավանեսյանին, որը բակի երկաթե դարպասն էր նորոգում։ Ասաց՝ Վանքում է ծնվել, 18 տարեկանում մեկնել է ծառայության, զորացրվելուց հետո ապրել է Չիտայում, իսկ 1990-ականներին պատերազմի լուրը լսելուն պես անմիջապես շտապել է հայրենի Արցախ։
«Ընտանիքով եմ վերադարձել․․․ Երրորդ տղաս՝ փոքրը, ծնվել է հենց պատերազմի ժամանակ․․․ Պատերազմը վերջացավ, ապրեցինք, ախպեր, ու նորից 2016 թվի պատերազմը… Հիմա իմ տղեքս են ծառայում, երկուսը վիրավոր են, մեկը՝ գլխից, մյուսը՝ ոտքից, էն մեծն էլ մինչև հիմա ծառայության մեջ է, 41 տարեկան է․ այ սենց ապրում ենք, ախպեր, հույսով։ Էս մեր գյուղն ա, մեր գյուղից չենք հելնի, մինչև վերջ։ Ստեղ մեր պատմությունն ա, մեր հուշաքարերն են, մեր հուշարձաններն են, մեր եկեղեցին է, մեր հայրերն ու մայրերն են թաղված ստեղ, ո՞նց թողնենք, ո՞ւմ կողմ գնանք, ի՞նչ հողում պետք է ապրենք մենք, ուրիշի հողո՞ւմ, գլխներս կա՞խ․ չէ՛, մենք պիտի պարզ ապրենք։ Մենք հաղթանակել ենք ու մի՛ անգամ էլ կհաղթենք, մենք պարտված չենք, մեր երիտասարդների գլուխը կերան, մեր ղեկավարությունը, ուրիշը չէ։ Ռուսաստանում էի, չէ՞, չկարողացա ապրեմ, որ էրեսս լվանում էի՝ մեր Թարխան սարը միշտ հիշում էի, ասում էի՝ պիտի էթամ… տեսա՝ կռիվ է սկսում, բայց ընտանիքիս վերցրի եկա, հիմա ի՞նչ դառավ։ 13 թոռ ունեմ, մեծ մարդ եմ արդեն՝ 65 տարեկան, ո՞ւր էթամ, թող մեր ղեկավարությունը մտածի մեր մասին, կռիվ է, կռի՛վ ենք անելու, բայց ուրիշի հողում չենք ապրելու, մեր հայրենիքում, մեր հողում պիտի ապրենք․․․»,- ասում է Ալյոշա Ավանեսյանը։
Գյուղի խորդուբորդ փողոցներով քայլելով՝ հանդիպեցինք տարեց մի կնոջ, ներկայացավ՝ Ռոզա Ջալալյան։ Տիկին Ռոզան մոտ 1 կիլոմետր ոտքով իջել էր գյուղի ներքևի հատվածում գտնվող խանութ՝ շաքարավազ գնելու։ Խանութում շաքարավազի գինը ճշտելուց հետո պտտվեց դեպի մեզ ու ասաց՝ մեզ մոտ շաքարավազը 550 դրամ է․․․ Խանութից դուրս գալուց հետո՝ ճանապարհին, տիկին Ռոզային հարցրեցինք՝ պատերազմից հետո իրավիճակը ո՞նց է գյուղում․
«Վանք գյուղում առօրյան փոփոխության է ենթարկված էս պատերազմական վիճակից հետո, կարելի է ասած՝ արդեն մարդիկ, բոլորը զինվորներ են։ Հիմնարկ-ձեռնարկությունները կանգնած են, աշխատանք չկա, իրադրությունից մարդիկ անց են կացել զինվորական ծառայության․․․ Մարդիկ հոգեպես անորոշ իրավիճակի մեջ են․․․ Մենք պիտի ուժ հավաքենք, նորից հզորանանք, ուժեղ լինենք ու դիմագրավենք կյանքի փորձություններին»։
Գյուղի թաղերից մեկում՝ տաք քարին նստած, տարեց մի կնոջ հանդիպեցինք՝ Լիլյա Ասրյանին։ Տիկին Լիլյան Ստեփանակերտից է, ամուսնացել ու հարս է եկել Վանք գյուղ, ասաց՝ 3 երեխա է ունեցել, 1 տղա, 2 աղջիկ, սակայն արցախյան առաջին պատերազմը իրենից խլեց ամենաթանկին՝ միակ որդուն․
«Միակ տղաս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, հերոս տղա է, դե ես էլ ապրում եմ թոռնիկիս հետ՝ աղջկաս տղու։ Հիվանդ կնիկ եմ լի՛, շաքարախտով հիվանդ, դարդերով լցված, հատե տենց ապրում եմ… Ես ոչ մի բան չեմ անում, պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ եմ՝ 94 թվից, բատալյոնումը քույր եմ աշխատալ, մեր հիվանդանոցը էն վախտը շտաբ էր, վիրավորվալ եմ, էն վախտվանից մինչև հիմա պենսյա եմ ստանում, զինվորական պենսյա։ Իմ տղաս էլ ամիսը 60 մանեթ ինձ համար փող ա ուղարկում՝ հողի տակից, նրանով ապրում եմ․․․»։
Գյուղում զրուցել ենք նաև Վանքի տարեց բնակիչ 70-ամյա Վալերիկ Ավանեսյանի, Արմիդա Աբրահամյանի և տիկին Արմիդայի 5-ամյա թոռնիկի՝ Վիկտորյայի հետ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում