Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դեռ պատասխան չկա՝ ադրբեջանցիների կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու վերաբերյալ

Ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», 9 օր է, ինչ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին էլ չեն կարողանում տեղափոխել Երևան, որպեսզի համապատասխան բուժօգնություն ցուցաբերվի:

168.am-ը ՀՀ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվում հիվանդներին Երևան տեղափոխելու ուղղությամբ և արդյո՞ք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից որևէ արձագանք կա:

ԱՆ նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնեց, որ ԱՀԿ-ից դեռ պատասխան չկա, իսկ ինչ վերաբերում է հիվանդների վիճակին, ապա Հայաստանից մասնագետներն ամենօրյա կապի մեջ են Արցախի բուժհաստատությունների հետ:

«Հիվանդների տեղափոխման համար քննարկվում է ցանկացած տարբերակ: Այսօր նախարարը ցավակցություն է հայտնել Արցախում 44 տարեկանում մահացած պացիենտի համար ու նշել է, որ Ադրբեջանի կողմից փակված ճանապարհն ամեն վայրկյան կարող է մարդու կյանք արժենալ: Նա ընդգծել է, որ այդպիսով խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը` առողջ մնալը, ժամանակին բուժօգնություն ստանալը»,- ասաց ԱՆ խոսնակը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը. «Ոչ թե գրավոր պատասխան ենք ակնկալում, այլ քայլեր, հստակ գնահատական և ճնշում ենք ակնկալում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նման դեպքերում պետք է բոլոր խողովակներն օգտագործի, և Ադրբեջանում տեղակայված իրենց ռեգիոնալ օֆիսը պետք է քայլեր ձեռնարկի՝ ճնշում գործադրելու և առողջապահական կարիքները հոգալու համար հնարավորություն տա, որ պացիենտներին տեղափոխենք Երևան»,- ընդգծեց Առողջապահության նախարարը:

Հավելենք, որ ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակ պահելու հետևանքով ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղծահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին:

Տեսանյութեր

Լրահոս