Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում. ԱԽ քարտուղար

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հիշեցրեց, որ արդեն 9-րդ օրն է՝ փակ է Արցախի ճանապարհը, ապա հարցրեց՝ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը․

«Նախորդ արտահերթի ժամանակ դուք ասացիք, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նոր խմբագրված տարբերակը պատրաստվում եք փոխանցել Ադրբեջանին։ Քանի որ այդ փորձը կա՝ ներքին խողովակներով և ոչ միայն ներքին խողովակներով փաստաթղթերի փոխանակում իրականացնել Ադրբեջանի հետ, հարցս հետևյալն է՝ կոնկրետ ի՞նչ է պահանջում, ի՞նչ է առաջարկում Ադրբեջանը ճանապարհը բացելու համար, որո՞նք են այդ պահանջները»։
Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց, որ մեծ հաշվով որևէ գաղտնի խողովակ պետք չէ՝ հասկանալու, թե Ադրբեջանի նպատակը որն է․

«Ադրբեջանը Լաչինի միջանցքը, այսպես կոչված, բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում, հիմնական նպատակը սա է։ Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացի, հումանիտար ճգնաժամից խուսափեն Արցախում ապրող հայերը, և արագ հանգուցալուծում ստանա ստեղծված ճգնաժամը»։

Ագնեսա Խամոյանն էլ արձագանքելով Անվտանգության խորհրդի քարտուղարին, հիշեցրեց, որ ընդամենը 2 շաբաթ առաջ խորհրդարանը մերժեց հայտարարության նախագիծ ընդունել, որում խոսվում էր Արցախի Հանրապետության մասին․

Կարդացեք նաև

«Հենց այս խորհրդարանը մերժեց հայտարարության նախագիծ ընդունել, որում խոսվում էր ինքնորոշման իրավունքի մասին, հետևյալ հիմնավորմամբ՝ դե գիտեք ինչ, մենք չենք ուզում Ադրբեջանին սադրել, որ հանկարծ սադրիչ գործողությունների չդիմի, և այդ լեգիտիմությունն ու հնարավորությունն իրեն չընձեռենք։

Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, իհարկե, իշխանությունները հրաժարվել են դրանից, բայց Կառավարության ծրագրում այդպես է ամրագրված, և չկա որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց։ Հիմա հարցս հետևյալն է՝ դուք՝ որպես իշխանություն, ի՞նչ եք արել, ի՞նչ եք անում, ի՞նչ եք առաջարկում առհասարակ ճանապարհը բացելու համար և առհասարակ ինչպե՞ս է դրսևորվում ձեր կողմից՝ ՀՀ-ի կողմից, Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը»։

Արմեն Գրիգորյանն էլ արձագանքելով պատգամավորին, ասաց՝ դա նրա գնահատականն է, թե ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ապա հավելեց, որ եթե ՀՀ-ն Կառավարության ծրագրով այդպիսի պարտավորություն է ստանձնել, ապա շարունակում է այն կատարել․

«Բազմապիսի են այդպիսի պարտավորությունները, որոնք կատարում է Հայաստանը։ Ես ուզում եմ նաև, որ դուք հաշվի առնեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, և ես կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անվտանգ երթևեկություն։ Մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի։ Այս պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, որը, ինչպես նշեցի, էթնիկ զտման նպատակ ունի, պետք է զգոն պահի բոլորին։ Այս առումով կարող եմ ասել, որ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր լծակներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։ Հիվանդներից մեկը երեկ մահացել է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս