Ինչո՞ւ են Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնական տեսակետները հակասում միմյանց Բերձորի (Լաչին) միջանցքի փակման վերաբերյալ
Արդեն 6 օր է՝ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Ադրբեջան պետության կողմից հովանավորվող Էկո-ահաբեկիչները Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ Արցախում ստեղծելով հումանիտար աղետի վիճակ: Երկիր փաստացի չեն մտնում պարենային ու առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ, դեղորայք, վառելիք: Արցախն անցել է խնայողության խիստ ռեժիմի, հանրապետությունում, ինչպես այսօր ասաց պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն նկատվում է կանխիկ դրամի պակաս:
Մինչ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները՝ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, գործող Պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հարյուրավոր քաղաքացիներ, ուսանողներ բողոքի ակցիաներ են իրականացնում միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի Եվրամիության գրասենյակների մոտ, ՄԱԿ-ի Անվտանգության անդամ 5 պետությունների դեսպանատների մոտ՝ փորձելով Արցախում ադրբեջանական կողմի մեղքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին տեղեկացնել միջազգային հանրությանը, Ադրբեջանը պնդում է՝ ինքը չի փակել Բերձորի (Լաչինի) միջանցքը, Ադրբեջանը դրա հետ կապ չունի, ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները:
«Ասում են, թե մենք փակել ենք Լաչինի միջանցքը: Բայց այդ մեղադրանքներն աբսուրդային են: Ճանապարհն ամբողջովին բաց է: Ռուս խաղաղապահները ճանապարհի վրա մոդուլային տիպի հանրակացարան են տեղակայել, կոնտեյներներ, երկաթյա արգելապատնեշներով, բրոնետեխնիկայով, մարդուժով փակել են ճանապարհը»: Միջանցքը փակ է ռուս խաղաղապահների կողմից: Նրանք նկարահանումներ են կատարում ու սուտ տարածում, թե իբր մենք ենք փակել միջանցքը»,- ասել էր ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպան-ակտիվիստը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ իրենք կապ չունեն միջանցքի փակման հետ: Նրանք ցինիզմ էին որակել ՀՀ ԱԳՆ-ի մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը:
«Նշենք, որ Լաչինի ճանապարհը փակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կողմից»,- մասնավորապես նշված էր Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պրոիշխանական լրատվամիջոցներից մեկն էլ միջանցքի փակումը համարել էր ռուս խաղաղապահների սադրանք:
Ադրբեջան պետության կուրատոր և հովանավոր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 14-ին թուրքմենական և ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ անդրադարձել է Լաչինի միջանցքի իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Լաչինի միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է։ Այնտեղ ռուսները ևս խաղաղապահ առաքելություն ունեն, բայց մյուս կողմից, միջազգային իրավունքին էլ չի համապատասխանում, հակասությունն այն է, որ Ադրբեջանի սեփական տարածքի ընդերքից ռեսուրսներ են ապօրինի կերպով արդյունահանվում և վաճառվում։ Դա նշանակում է գողանալ Ադրբեջանի հարստությունները»,- նշել է Չավուշօղլուն։
Վերջինս արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում՝ համարելով դա «իրավացի»։
«Այդ իսկ պատճառով էլ մենք այս իրավացի պայքարում աջակցում ենք Ադրբեջանին»,- եզրափակել է Չավուշօղլուն։
Այսինքն՝ մինչ պաշտոնական Բաքուն «երդվում է», որ ինքը կապ չունի ճանապարհի փակման հետ, և միջանցքը փակել են ռուսները, պաշտոնական Անկարան ԱԳ նախարարի մակարդակով աջակցում է Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում ադրբեջանցիների գործողություններին: