Մանրամասներ․ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը․ Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանրամասներ։ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը
Ս.թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարբեր հարթակներում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած բազում հանդիպումներից և այդ հանդիպումների ընթացքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո, Շուշիում հանդես եկավ հերթական հակահայ հայտարարություններով, ինչն այդ փուլում շատերի համար բավական անսպասելի էր։

Բոլորը քննարկում էին մինչ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Հատկապես հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման (Փաշինյան, Ալիև, Մակրոն և Միշել) արդյունքում ընդունված հայտարարությունից հետո այդ գործընթացը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, գրեթե արդեն հանգուցալուծված խնդիր էր համարվում միջնորդ կողմերի՝ մանավանդ Արևմուտքի ներկայացուցիչների համար։ Դրական տոների մեջ էին նաև Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից լսվող պաշտոնական հայտարարությունները։ Սակայն հոկտեմբերի 6-ից հետո ինչ-որ բան փոխվեց և կողմերը կրկին վերադարձան ագրեսիվ հռետորաբանության մարտավարությանը։

Իլհամ Ալիևի հիշատակված ելույթից հետո մեկ առիթով գրել էի, որ նրա հայտարարություններն այնուամենայնիվ տարօրինակ են. մի կողմից Բաքուն ու Անկարան շահագրգռված են այսպես կոչված խաղաղության պայմանագիր ունենալու մեջ և շտապեցնում են Հայաստանին արագ ստորագրել այդ փաստաթուղթը, մյուս կողմից՝ փաստորեն վիժեցնում դրա հնարավորությունը։ Հարց էր առաջանում, թե ինչու՞։

Այն ժամանակ ենթադրեցի, որ կա՛մ Ալիևը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումներ ստանալու հնարավորություն է տեսել, կա՛մ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն դեռևս ինչ-որ անորոշ ժամանակով առկախված թողնելուն ուղղված արտաքին ճնշում կա։

Խնդիրն ավելի էր բարդանում այն հանգամանքով, որ թե՛ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը և թե՛ երկու վերոնշյալ տարբերակները ոչ մի լավ բան չեն սուլում Հայաստանին։ Բոլոր դեպքերում խոսք էր գնում կա՛մ նոր կորուստների, կամ մեր կենսական շահերի հաշվին այլոց շահերի սպասարկման մասին։ Իսկ ամենատարօրինակն այն է, որ նույնիսկ այս վիճակում Ալիևն ու Փաշինյանը շատ սինքրոն են գործում։ Համատեղ ուժերով նրանք նախ գաղտնի պլան մշակեցին, հետո ստորագրեցին Պրահայի հայտարարությունը, այնուհետև իրենց որոշման մասին տեղյակ պահեցին ռուսական կողմին ու անցան գործի։

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումն ու բարձրացված պահանջները վկայում են, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հետաձգման պատճառը մեր առաջին ենթադրությունն էր՝ հայ-ադրբեջանական հակամարտությանն իրավական լուծում տալուց առաջ Ալիևը ցանկանում է նոր զիջումներ կորզել Հայաստանից։ Սակայն որպեսզի այդ գործընթացը լրացուցիչ ռիսկեր չառաջացներ Ադրբեջանի համար, պաշտոնական Բաքուն Փաշինյանից միջանկյալ փաստաթուղթ է ստացել, որտեղ նշված է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Խոսքն արդեն հիշատակված Պրահայի հայտարարության մասին է։ Ու քանի որ այդ փաստաթուղթը ինչ-որ չափով քննադատվել է միայն Ռուսաստանի կողմից, Ալիևը Փաշինյանին Սոչի է տարել և ամեն ինչ արել, որպեսզի նույնաբովանդակ մի փաստաթղթի տակ ՌԴ նախագահի ստորագրությունն էլ դրվի։

Դրանից հետո Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Ադրբեջանի համար զուտ ժամանակի հարց է դարձել։ Նրանք պարզապես սպասել են Մանկական Եվրատեսիլի ավարտին և դեկտեմբերի 12-ին պաշարման մեջ առել Արցախի 120 հազար հայությանը։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 3-ին, ադրբեջանական կողմն իրականացրել է այդ գործողության նախնական փորձարկումը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն»

Տեսանյութեր

Լրահոս