
«Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումն ադրբեջանական թեզ չէ. Իլհամ Ալիևը պահանջում է՝ չօգտագործենք այն. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի և հետևանքների մասին, օգտագործում էր «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, ոչ թե Արցախի Հանրապետություն:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այն ադրբեջանական թեզ է, Մարուքյանը հակադարձել է.
««Լեռնային Ղարաբաղ»-ը ադրբեջանական թեզ չէ, դուք շատ սխալ ձևակերպում եք անում, ադրբեջանական թեզ է «Ղարաբաղի տնտեսական գոտին»: Ես օգտագործում եմ և՛ Լեռնային Ղարաբաղ, և՛ Արցախ, տարբերություն չեմ դնում: Երբ որ միջազգային գործընկերների հետ եմ շփվում, հիմնականում օգտագործում եմ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, որ տեքստերում հասկանալի լինի՝ խոսքն ինչի մասին է, որովհետև միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում «Լեռնային Ղարաբաղ» է գրված: Եվ եթե մենք չօգտագործենք «Լեռնային Ղարաբաղ», դա կնշանակի՝ մենք կատարում ենք Իլհամ Ալիևի պահանջը: Իլհամ Ալիևն է պահանջում՝ չօգտագործենք «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը»: