Փողոց փակելու նուրբ արվեստը․ Գյումրիի հրապարակից՝ մինչև Լաչին
Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։
Իշխանության մյուս ներկայացուցիչները, ըստ ամենայնի, մեկ հրահանգով, սկսեցին խոսել գրեթե այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ կոչեր արեցին Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։ Այդ կոչերին զուգահեռ կամ դրանցից հետո՝ իշխանության ներկայացուցիչները տարբեր հայտարարություններ արեցին, որոնց մեջ կարմիր թելով անցնում է այն միտքը, թե «միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանին»։ Նրանք ուղիղ չեն ասում, բայց հասկացնում են, թե իբրև դա իրենց «դիվանագիտական հանճարի» հետևանքն է։
Նրանցից որևէ մեկը, իհարկե, չի ասում, որ Արցախում ու Արցախի շուրջ կատարվողը նաև ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն է, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին իր պատրաստակամությունը մանտրայի նման կրկնելու, Արցախի նկատմամբ պարտավորությունները բյուջետային հատկացումներով կատարված-վերջացրած համարելու հետևանքը։
Նիկոլ Փաշինյանին ու նրա սպասյակներին իրականում Արցախի ճակատագիրը չի հուզում, նրանց համար կարևորը «միջազգային հանրության» արձագանքն է, որի հետ գտնվում են աշխարհաքաղաքական ստվերային առևտրում։ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում հավատարիմ է «նշաձողն իջեցնելու» իր խոստմանը, որը, ըստ ամենայնի, ոչ թե ինքնախոստում է, այլ ստվերային պարտավորություն, որը նա իրականացնում է արդեն ավելի քան երկու տարի։ Կյանքը ցույց է տալիս, որ նշաձողի իջեցման ներքին շեմը ձգտում է անսահմանության և ավարտվելու է այն ժամանակ, երբ Փաշինյանը բավարարած կլինի Արցախի հարցում Ալիևի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, իմա՝ Արցախը վերջնականապես՝ դե ֆակտո և դե յուրե, կհանձնվի Ադրբեջանին։
Հենց դրա համար է Նիկոլ Փաշինյանի համար այդքան կարևոր «միջազգային արձագանքը», որովհետև Արցախի վերջնական հանձնման ակտի ժամանակ ներքին ընդվզումից ու հնարավոր հուզումներից նրան կարող է պաշտպանել միայն «միջազգային հանրությունը», որը պատրաստ սպասում է՝ ողջունելու Նիկոլ Փաշինյանի «խիզախությունը», երբ վերջինս «Արցախի հայության փրկության» հիմնավորմամբ հրապարակային դաշտ կբերի ու կիրականացնի այն պայմանավորվածությունները, որոնց իրագործման համար Ալիևը դիմում է Արցախի հանդեպ նման սադրանքների։
Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է ոչ թե այն, ինչն ինքը զիջելու է Ադրբեջանին, այլ այն, որ դրանից հետո իր իշխանությանը վտանգ չսպառնա։ Իսկ դրա համար անհրաժեշտ է «փրկչական» ալիբի՝ հերթական կապիտուլյացիան որպես մարդկանց կյանքեր փրկելու անձնազոհություն ներկայացնելու համար։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Երևանի փողոցները փակում էր՝ իշխանության գալու համար։ Դրա հետևանքը եղավ Արցախի 75 տոկոսի հանձնումը։ Հիմա Ալիևը Լաչինի միջանցք և մայրուղի է փակում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար, որպեսզի նա հանձնի նաև Արցախից մնացածը։ Ինչպես տեսնում ենք, համընկնում են ոչ միայն շահերը, այլ անգամ տեխնոլոգիաները։
Հարություն Ավետիսյան