Ալեն Սիմոնյանը հույսով սպասում է Ռուսաստանի հայտարարությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա արտահերթ նիստին գործընկերներին խնդրեց մոռանալ ընդդիմության մասին, որոնք բոյկոտեցին նիստը և ասացին, որ իրենց ասելիքն այսօրվա հանրահավաքի ժամանակ կասեն:
«Այստեղ պարոն Թորոսյանը, պարոն Խաչատրյանը, պարոն Աղազարյանը ասում են՝ մենք պահանջում ենք (Ռուսաստանից), իրենց նախագծի մեջ գրված էր՝ մեր զորակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին, որոնք գտնվում են… Ի՞նչ էիք սպասում մարդկանցից… Ընդհանուր առմամբ, մի հատ պետք է հասկանալ՝ էս ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում: Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջական հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր, այդ կարմիր գծերը մեզ համար հստակ են, և մենք դրա մասին խոսել ենք, և նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի, թեկուզ այն բանից ելնելով, որ էլ տեղ էլ չկա մեզ բան պարտադրելու, մենք դրա մասին ասել ենք: Կարծում եմ՝ իմ ակնարկը տեղ կհասնի, ու կհասկանան, որ չի աշխատելու այս տարբերակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը, որը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, թե իրենք Հայաստանի ամենապրոռուսական իշխանություններից են:
Ալեն Սիմոնյանն առաջարկեց Մինսկի խմբի 12 անդամ երկրների դիտորդական առաքելություն ունենալ Արցախի տարածքում․
«ՌԴ խաղաղապահների մանդատը, անկախ նրանից, թե մենք այս պահին բավարարված ենք, թե ոչ, այնուամենայնիվ, սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ այդ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են, և պետք է երկարաձգվի: Միգուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ նաև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու մասին: Եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել, և մեր ունեցած տեղեկություններով՝ նաև ՌԴ-ն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»: