Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը չեն հասկանում՝ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, բացի իր աթոռը պահելուց. ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական ուղիղ թողարկման ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից իրականացվող «Էկոլոգ» օպերացիային, որի արդյունքում արդեն 2 օր Արցախի շուրջ 120.000 բնակչությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ:
«Ադրբեջանն «Էկոլոգ» օպերացիայի ներքո Արցախի շրջափակման հաջորդ գործողությունն է իրականացնում: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանի հիմնական նպատակն Արցախում բարոյահոգեբանական վիճակն էլ ավելի վատթարացնելն է, կյանքի համար դժվար սոցիալական պայմաններ ստեղծելը և անընդհատ կախվածության մեջ գցելը, աշխարհին ցույց տալը, որ Արցախում բնականոն կյանքի ապահովման միակ հնարավորությունը միայն Ադրբեջանը կարող ա ապահովել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ մյուս կողմից՝ այս ամենն ուղղված է Արցախում ռուսական խաղաղարար առաքելության դեմ, որի միջազգային մանդատը հաստատված չէ:
«Շատ նուրբ իրավիճակ է ստեղծվել նաև ռուսական կողմի համար: Բնականաբար, նրա համար խնդիր չէ ընդամենը մի քանի րոպեում ուժով խնդիրը լուծել, բայց դրա հետևանքները կարող են շատ ավելի խորը և անցանկալի լինել, և Ադրբեջանը դրանից անպայման կօգտվի»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ այդ պատճառով էլ, ցավոք, խնդրի լուծումը գտնվում է միայն քաղաքական հարթության վրա, իսկ հայկական իշխանությունները ոչ ցանկություն, և ոչ էլ հնարավորություն ունեն ստանձնելու Արցախի ժողորդի իրավունքների պաշտպանությունը:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը հեռահար նպատակներ ունի, և պատահական չէ, որ այսօր արդեն Ադրբեջանում խոսում են Սյունիքի հանքերի վտանգների մասին, հաջորդիվ կբարձրացնի Մեծամորի ատոմակայանի վտանգների վերաբերյալ հարցը:
«Սա ամբողջական մի համալիր է՝ քաղաքական, հումանիտար, էկոլոգիական, հետո մշակութային, սոցիալական տարբեր խնդիրների, որոնց, ցավոք, Հայաստանի կապիտուլյացված իշխանությունները չեն կարողանալու դիմադրել, որովհետև իմ համոզմամբ՝ միտումնավոր բերել-հասցրել են նրան, որ շատ հարցերում իրենց ձեռքերն Արցախին չհասնի էլ»,- նկատեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Արտակ Զաքարյանը շեշտեց՝ սա նշանակում է, որ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքը վտանգված է, և Արցախը ոչ մի պարագայում չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:
«Շատ մեծ անելիք ունեն Հայաստանի իշխանությունները: Միայն ասել, որ դա ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտին է, և նրանք են պատասխանատվություն կրում, բավարար չէ, որովհետև հստակ է, որ սլաքներն ուղղված են ՀՀ-ի դեմ՝ նոր պահանջներ, զիջումներ, նոր նսեմացումներ, կապիտուլյացիայի նոր պայմաններ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Վերջինս կարծում է, որ ստեղծված իրավիճակում կարելի է դիվիդենտներ քաղել հենց Արցախի համար, բայց ինքը վստահ չէ, որ մեր իշխանությունները կգնան դրան:
«Ես վստահ եմ, որ ճանապարհը երկար չի կարող փակված մնալ: Ինչ-որ պահի, եթե հանգուցալուծում չլինի, ապա ուժային տարբերակով ճանապարհը պիտի բացվի: Բայց այստեղ կա քաղաքական մասը, և եթե ռուս խաղաղապահները նման հրաման չստանան, չեն անելու»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Ըստ ՀՀԿ-ական գործչի՝ շատ կարևոր է, որ Արցախում խուճապ չլինի և լինի հանդարտ, սառնասիրտ մոտեցում, բայց դա չի նշանակում, որ հանգիստ գնանք, նստենք տանը, մեր հեռուստացույցը նայենք: Իշխանությունը պետք է կազմակերպի, մոբիլիզացնի, ձևավորի իր քաղաքական օրակարգը:
Արտակ Զաքարյանը նկատեց՝ ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը չեն հասկանում՝ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, բացի իր աթոռը պահելուց:
Սաթիկ Սեյրանյանի հիշեցմանը, թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2020թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին տեսանյութ հրապարակեց, որում Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ զրույցում ասում էր, թե բանակցելիս իրեն գժի տեղ կդնի, ՊՆ նախկին փոխնախարարն ասաց՝ այդպես գժի տեղ դնելով էլ՝ մեզ ներքաշեց արյունալի պատերազմի մեջ:
«Էդ գժի տեղ դնելը բերեց նրան, որ մենք մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել գոնե նվազագույն կորուստներով դադարեցնել պատերազմը, ինչի արդյունքում այսօր մենք այս իրավիճակում չէինք լինի, չէինք խոսի Լաչինի ճանապարհի փակման մասին, բայց չի արվել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա նշեց՝ անհրաժեշտ է միջազգային հանրության բոլոր ինստիտուտներին, որոնք առնչություն ունեն անվտանգության հետ՝ ԵԱՀԿ, ԵԽ, ՀԱՊԿ, ՄԱԿ-ի ԱԽ, ոտքի հանել:
«Հայ ժողովրդի պրոբլեմը Երևանում է՝ Հանրապետության հրապարակի կառավարության շենքում: Այստեղից է պետք լուծումները սկսել: Սրանք պետք է գնան, բոլոր տեղերում խնդիրները դնեն: Նախ ամեն տեղ հասցնեն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա հասնել նրան, որ ռուսական խաղաղապահ մանդատը հաստատվի, դառնա միջազգային մանդատ, քանի որ դրան այլընտրանք չկա»,- ասաց Արտակ Զաքարյանը:
ՊՆ նախկին փոխնախարարը կարծում է, որ հիմա մենք պետք է կարողանանք ամբողջությամբ հասկանալ, թե ժամանակակից աշխարհակարգում ո՞րն է լինելու մեր գործառույթը Ռուսաստան-Իրան-Հարավային Կովկաս շղթայի մեջ:
«Եթե քո կարևորությունը, դերակատարությունը, քո քաղաքական առաջարկը էդ առևտրի մեջ գնալով նվազում է, ու դու անընդհատ կորցնում ես, ու տեսնում ես, որ դու արդեն ոչ թե պետություն ես, այլ գլխացավանք, աչք են փակում քո ֆիզիկական և պետության ինստիտուցիոնալ գոյության վրա: Այս բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ Հայաստանին անհրաժեշտ են ոսկերչական ճշգրտությամբ աշխատող գործիչներ: Ցավոք, Նիկոլի համար մեկ է՝ ինչ կլինի Հայաստանի ճակատագիրը: Իրեն հիմա միայն իր ճակատագիրն է հետաքրքրում»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում