«Ասել եմ՝ սա գիժ չէ, ուղղակի իրեն գժի տեղ է դնում և իր գործերը կատարում». Սերժ Սարգսյան
«Հիմա կտեսնենք՝ մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք են թալանչի»,- այս մասին Վայոց ձորում «Պատիվ ունեմ» դաշինքի կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը։
Ըստ Երրորդ նախագահի, անցել է երեք տարի, և թալանի որևէ լուրջ դեպք բացահայտված չէ։
«Իշխանափոխությունից հետո կտեսնենք, թե նոր իշխանություններին ինչքան ժամանակ է պետք լինելու թալանչիներին բացահայտելու համար։ Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ կազինոների հետ կապված՝ քար լռություն և ոչ մի փաստ։ Գալու է ժամանակը, որ կազինոների մասին իր ասած ստերը, կներեք, բայց մտցնելու ենք իր բերանը։ Դրանում կարող եք չկասկածել։ Տեսեք, իրենք իշխանության եկան, այո՛, այդ թեզերով, որ Հայաստանը թալանում են, Հայաստանը կառավարում են օլիգարխները, որ բոլորը մտնում են ինչ-որ բանեի մեջ և այլն»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա, այս ամենը հիմար թեզեր էին, բայց դա շատերին դուր էր գալիս։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշակի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այս ամենը պատահականություն կամ սխալմունք չէր, այլ լավ մտածված քայլերի հաջորդականություն էր։
«Ես երեկ չէ առաջին օրն ասել եմ՝ սա գիժ չէ, ուղղակի իրեն գժի տեղ է դնում և իր գործերը կատարում։ Նա հայտարարեց, թե խոշոր սեփականատերեր են, այնուհետև սկսեց այդ խոշոր սեփականատերերի հետ ընկերություն անել, և նրանք այդ ընկերությունն ամրապնդելու համար սկսեցին մուծվել տարբեր ֆոնդեր։ Բայց աստիճանաբար հասարակությունը տեսնում է, թե փաբերում պարտքով պիվա խմողներն ինչպես են սկսել թանկարժեք մեքենաներով երթևեկել, ինչպես են բնակարաններ ու տներ ձեռք բերում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում