«Ադրբեջանը քարը նետում է նաև ռուս խաղաղապահների այգի` փորձելով ներքաշել՝ որպես հակամարտող կողմ». Սեյրան Հայրապետյան

Արդեն մեկ օր է՝ ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում բազմաթիվ հիվանդներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր, և նրանք անհապաղ Հայաստան տեղափոխվելու և վիրահատվելու կարիք ունեն։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նկատեց՝ միանշանակ Ադրբեջանը և՛ հումանիտար աղետի առաջ է կանգնեցնում Արցախը, և՛ հոգեբանական, տնտեսական ու ռազմական։

«Միաժամանակ նա քարը նետում է նաև ռուս խաղաղապահների այգի, նաև դրանով նսեմացնում է նրանց դերակատարությունը` փորձելով ներքաշել՝ որպես հակամարտող կողմ։ Իրավիճակի վերաբերյալ Արցախի և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմինն արդեն արտահայտել են իրենց վերաբերմունքը՝ տարածելով պաշտոնական հայտարարություններ։ Այստեղ բոլորը համակարծիք են այն մտքի հետ, որ չհաշված բոլոր դժվարություններին՝ զիջելու որևէ բան չունենք, ամենակարևորը սա է։ Մենք մեր երեխաների ու տարեց ծնողների հետ այս ամենը տանելու ենք, առաջին անգամ չէ։

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ հայը, մասնավորապես՝ այս պահին Արցախում ապրող հայը, Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության աջակցությամբ, միանշանակ որևէ զիջում չի անելու, և Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- նշեց Սեյրան Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Ըստ պատգամավորի, չնայած 2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքներին, արցախահայությունը հաստատակամ է Արցախի Անկախության  համար, և դրա համար պատրաստ են բոլորը միասին կրելու զրկանքները։

«Մենք, արդեն երկար տարիներ է, ինչ Ադրբեջանը փորձում է կայանալ, ապրում ենք նրա հարևանությամբ և շատ լավ գիտենք, թե ինչ լեզու է հասկանում։ Մեր կուսակցության առաջնորդը՝ Սամվել Բաբայանը, իր հարցազրույցներում, հայտարարություններում այս մասին բազմիցս ասել է։ Մենք շատ լավ գիտենք Ադրբեջանի ձեռագիրը՝ նրանց նպատակը ցանկացած գնով Արցախի հայաթափումն է և Արցախում մի փոքր խումբ հայ բնակչության թողնելն է, որը Ադրբեջանին կինտեգրվի՝ որպես հայկական համայնք, բայց նման բան երբեք չի լինելու։ Սա բոլորիս համար անընդունելի է, և նման բան թույլ չտալու համար, բոլորն էլ գիտեն, թե ինչ գին ենք վճարել։ Ադրբեջանը հստակ ու պլանավորած քարը նետում է և՛ դեպի մեզ, և դեպի մեր խաղաղապահ կոնտինգենտը՝ իրենց նպատակին այս ու այն ոլորտներում հասնելու համար»,- շեշտեց Սեյրան Հայրապետյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս պահին «պետք է թույլ չտալ ավելորդ քայլեր, ամեն ինչ չափված ու պլանավորված պետք է անել և շատ անելիքների մասին նույնիսկ բարձրաձայնել պետք չէ»։

«Այսօր մեր հայկական լրատվամիջոցներից որոշներն այնպիսի տեղեկություններ են տարածում, որ ադրբեջանական կայքերը վերցնում և օգտագործում են մեր դեմ, ինչն իրականում ցավալի է։ Ինչ վերաբերում է մեր մարտավարությանն ու անվտանգությանը, դա պետք է ազգովի անենք, մեկ մտածելակերպ ունենանք, հակառակ դեպքում պետք է պատրաստվենք վատագույնին»,- եզրափակեց Սեյրան Հայրապետյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս