«Ինձ թուրք ասելով՝ ամենևին չե՛ն վիրավորում, ես դա վիրավորանք չեմ ընդունում»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման համար իր տեսլականը։

«Կարծում եմ, որ ամբողջ ծանր իրողություններով հանդերձ՝ ներկա և պատմական, մենք պետք է փոխենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը և որակը։ Դա պետք է սկսել ամենապարզ բաներից։ Մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և, ի վերջո, բացառումը, հատկապես պաշտոնական մակարդակում, բայց ո՛չ միայն պաշտոնական մակարդակում։

Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև ես իսկապես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր առնվազն՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

Ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակում․․․»։

Կարդացեք նաև

Փաշինյանի խոսքով՝ ցեղասպանության ամենակարևոր գործիքներից մեկն այն է, որ դադարեցվի մարդկանց, այդ թվում՝ նաև քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն, այդ թվում՝ նաև Հայաստանում։

«Հայաստանի Հնարպետությունում կա այդ բանը։ Օրինակ, եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թո՛ւրք ես․ մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը։ Ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել՝ նրանով նախ իրենք ինձ ամնեևին չե՛ն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում։ Կարծում եմ՝ այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունները։

Ադրբեջանում էլ կա այդ իրողությունը, մեկին վիրավորելու համար, եթե նույնիսկ ամենավերջին հայհոյանքները, որոնք մեր տարածաշրջանում, Կովկասում ունեն մահացու ազդեցություն, երբեմն այդքան էֆեկտիվ չեն գործում, երբ մեկին ասես՝ հայ։
Կարծում եմ, որ պաշտոնական մակարդակում, Կառավարությունների մակարդակում պետք է ընդունենք իրողությունը և ասենք, որ այդ իրողության հետ հաշտ չե՛նք և մենք չե՛նք ուզում, որ որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք։ Կարծում եմ՝ սա ցեղասպանության կանխարգելման գործիք է։ Ենթադրում եմ, որ նման իրողություններ կան նաև Թուրքիայում, և իմ ուղերձն այս ամբիոնից հետևյալն է, որ մենք ահա սկսենք այստեղից, որովհետև մենք երբեմն գլոբալ հարցեր չենք կարողանում լուծել, որովհետև չենք կարողանում այդ հարցերն ախտորոշել գենետիկ մակարդակում․․․»։

Շարունակելով խոսքը՝ Փաշինյանը ներկայացրեց թշնամանքի կառավարման ևս մեկ բանաձև․

«Երբեմն այսպիսի մոտեցում է գործում, եթե որևէ մի բան ասում է Հայաստանը, Ադրբեջանում կամ Թուրքիայում դրա ճիշտ արձագանքն է՝ ասել 180 աստիճան հակառակը։ Նույնն էլ մեզ մոտ, եթե որևէ բան ասում է Ադրբեջանը, այդ թվում՝ քաղաքական, պաշտոնական մակարդակում, ոչ միշտ բնականաբար, բայց շատ հաճախ տեսնում ենք այդպիսի իրողություններ, ամենաապահով արձագանքը 180 աստիճան հակառակ բանն ասելն է, որովհետև դա ապահով է և՛ քաղաքական առումով, և՛ բարոյական առումով, և՛ ավելի լայն՝ հոգեբանական առումով։

Այսօր ուզում եմ թերևս առաջին անգամ այդ իրողությունը խախտել և համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում։ Գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ունեն իրար կարիքը հենց այդ երկրների անվտանգության, մեծ առումով՝ պատմական, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով։ Սա շատ կարևոր բանաձև է, որպեսզի մենք ի վերջո իմ նշած հարաբերությունների ռեժիմը փոխենք։ Մենք պետք է մի բան հասկանանք, մենք ինչո՞ւ ենք այստեղ, այստեղ ենք կողք կողքի ապրելու համա՞ր, թե՞ այստեղ ենք պարզապես ժամանակ ձգելու, իրար ոչնչացնելու համար առիթը հասունացնելու նպատակով։

Այսպիսի ենթատեքստ, ենթագիտակցություն առկա՛ է մեր տարածաշրջանում, մի երկրում՝ ավելի շատ, մյուս երկրում՝ ավելի քիչ, մի երկրում դա ինստիտուցիոնալ մակարդակի է, մյուս երկրում սաղմնային մակարդակի է, բայց այս իրողությունները մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, այդ իրողությունները շատ ակնհայտ երևում են սոցիալական ցանցերի ուսումնասիրության և մոնիտորինգի ժամանակ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս