Պատրաստվում եմ բարձրաձայնել երեխաների մտահոգություններն ու խնդիրները. Մալենան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ, մրցույթի հաղթող Մալենան (Արփինե Մարտոյան) նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան:
Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշեց, որ Հայաստանում և աշխարհում ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կարևոր առաջնահերթություն է երիտասարդների հետ աշխատելը:
«Մենք գիտակցում ենք, թե ինչ պոտենցիալ, ստեղծագործական ներուժ ունեն երիտասարդները և, թե ինչպես են կարողանում նոր տեսանկյուններ, դիտանկյուններ բացել կնճռոտ խնդիրների վերաբերյալ: Երբեմն նրանց ձայնը չեն լսում, զգում ենք, որ ներառված չեն կարևոր գործընթացներում: Մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասարդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու և նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և շատ այլ կարևոր հարցերի շուրջ»,-նշեց նա:
Վայգանդի խոսքով՝ Մալենայի տաղանդը, ներկայությունն ու հրաշալի ձայնը հնարավորություն կտան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղերձը հասցնել աշխարհին:
Նոյեմբերի 18-20-ը Մալենան միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխայի իրավունքների հարցերով հասարակական խորհրդի մեկնարկին:
Խորհրդի երիտասարդ անդամների հետ նա մասնակցել է մի շարք դասընթացների՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, երեխայի իրավունքների խնդիրների ուսումնասիրությանը, հոգեկան առողջությանը, համոզիչ հաղորդակցությանը և ծանոթացել այն խնդիրներին, որոնց Հայաստանում առնչվում են երեխաներն ու երիտասարդները:
Ավելի վաղ Մալենան Գավառում ներկա է գտնվել UPSHIFT երիտասարդական նախաձեռնության փակման արարողությանը. նախաձեռնություն, որի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երիտասարդների կյանքի հմտությունների զարգացմանը և քաջալերում նրանց ակտիվ լինել իրենց համայնքներում՝ դառնալով փոփոխություններ իրականացնողներ: Սա հնարավորություն էր Մալենայի համար շփվելու Գավառում ապրող երիտասարդների հետ և ծանոթանալու նրանց նախագծած և իրականացրած ծրագրերին:
«Այս տարի ես շատ ոգեշնչված եմ. արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների, որոնք շատ բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների, որոնք իրենց առօրյա դասերի հետ համատեղ կարողացել են թիմ կազմել, վերհանել համայնքի խնդիրներից մեկը, նախագիծ գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելով համայնքային կյանքը»,-նշեց Մալենան:
Նա շեշտեց՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն իրեն հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին: «Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել»,-հավաստիացրեց 15-ամյա երգչուհին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում: