«Իրանական կողմն անպատիժ չի թողնելու նման լկտի գործելաոճը. սա ամենևին լավ օրեր չի խոստանում Բաքվի բռնապետին». Վարդան Ոսկանյան

Դեկտեմբերի 5-ին՝ «Եղբայրական բռունցք» կարգախոսով Թուրքիան և Ադրբեջանն Իրանին մոտ սահմանին լայնածավալ զորավարժություններ են սկսել՝ Բաքվի, Աստարայի, Ջրականի և Իմիշլիի շրջաններում։

Զորավարժություններին զուգահեռ՝ Ադրբեջանը նախ մի քանի ժամով փակում է  Բերձորի միջանցքը, այնուհետև մեղադրում է իրանցիներին, թե այցելում են Արցախի Հանրապետություն,  ադրբեջանական քարոզչամեքենան Արցախ այցելող իրանցիներին «ահաբեկիչներ» է համարում, նույնիսկ տարբեր տելեգրամյան ալիքներում տարածում են իրանցիների լուսանկարները, որոնք մուտք են գործել Արցախ։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից Իրանի ու իրանցիների դեմ ուղղված քայլերին, նկատեց՝ Ադրբեջանն այս պահին ցանկանում է մեկ նետով երկու թիրախ խոցել, բնականաբար, առաջնային խնդիրը դիտարկում է բոլոր հնարավոր միջոցներով փակել Բերձորի ճանապարհը և դրան զուգահեռ՝ լուծել  իրանական կողմին  հարված հասցնելու հարցը։

«Կա մեկ կարևոր հանգամանք, որը հստակ պետք է արձանագրվի, նաև լրատվական քարոզչական տիրույթում այդ արձանագրումը պետք է լինի։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ հենց Բաքվի բռնապետը երաշխավորում է Բերձորի միջանցքով անարգել կապը Հայաստանի հետ։ Հետևաբար՝ Հայաստան այցելած յուրաքանչյուր երկրի քաղաքացի, լինի Իրանից, Միացյալ Նահանգներից  կամ Ռուսաստանից, օգտվում և օգտվելու է այդ հնարավորությունից, որն արձանագրված է, կրկնեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Ուստի, եթե նույնիսկ Իրանի քաղաքացիներն այցելում են Արցախ, ապա դրանով որևէ օրենք չեն խախտում կամ որևէ հակաօրինական գործողություն չեն կատարում»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով միտքը՝ իրանագետն ասաց՝ մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ այս պահին ադրբեջանաթուրքական դաշինքը փորձում է  Բերձորի միջանցքը փակելու համար պատրվակներ գտնել։ Դրա համար իրականացնում են իբր բնապահպանական բողոքի գործողություն, ճանապարհի փակում և այլն։

«Ադրբեջանցիների կողմից այս քայլերն են հակաօրինական, որովհետև ըստ էության նման գործողություններով ադրբեջանական կողմը խախտում է իրենց իսկ նախագահ կոչվածի կողմից ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Բոլոր խնդիրները պետք է ուղղվեն Բաքու, այլ ոչ թե Հայաստան կամ Իրան։ Այս համատեքստում Իրանի դեմ իրականացվող բազմաքայլ կոմբինացիան, որը ծրագրվում է,  ոչ միայն Ադրբեջանից է ծրագրվում ու իրականություն դառնում, այլև երրորդ ուժերի կողմից, մասնավորապես, գիտենք՝ թուրքական ներգրավվածություն կա։ Այսօր իրանական ԶԼՄ-ներում կա տեղեկություն առ այն, որ Իրանի հետ սահմանին նրանք տեղակայել են նաև իսրայելական զորքեր։ Նրանք Իրանը դարձնում են պլացդարմ ոչ միայն հակառուսական, հակահայկական, այլև հակաիրանական գործողությունների համար, ինչը հղի է լուրջ վտանգներով Բաքվի բռնապետի համար։ «Մերձավոր արևելյան առյուծի» համբավ ունեցող իրանական գերտերությանը փորձել նման մեթոդաբանությամբ զսպել՝ Ադրբեջանին չի հաջողվելու,  հատկապես հաշվի առնելով «թուրանական միջանցքի» ծրագիրը, որի դեմ պայքարում է նաև Իրանը»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ ըստ էության իրանական կողմը որոշակի ռեսուրս է առանձնացրել և այդ ռեսուրսները փորձելու է արդյունավետ կիրառել հենց Ադրբեջանի ներսում առկա խնդիրները վեր հանելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է թե՛ իրանամետ շիայական խմբերի խթանմանը, թե՛ Ադրբեջանի ներսում իրանալեզու ժողովուրդների դեմ բռնաճնշումների հարցում։

«Իրանական կողմը որևէ կերպ անպատիժ չի թողնելու նման լկտի ու հանդուգն գործելաոճը։ Նաև հաշվի առնելով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումից դեպի Հայաստան եկող ռիսկերն ու մարտահրավերները, կարծում եմ՝ լավագույն հնարավորություններից է այժմ ստեղծվել ձևավորելու Հայաստան-Իրան հարթակ, որը կհամակարգի թե՛ հակաադրբեջանական քարոզչությունը, թե՛ այն գործողությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Իրանի անվտանգության ապահովմանը։ Ըստ իս, այդ հնարավորությունը չօգտագործելն անթույլատրելի շռայլություն կլինի հենց հայկական կողմի համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան չի կարող որևէ կերպ ազդել իրանցիների որոշումների վրա։ Այլ խնդիր է, որ փորձելով իրավիճակը կառավարել կամ հանդարտեցնել դիվանագիտական մակարդակով՝ իրանական կողմը կարող է հայտարարություն անել։

«Իրանցիները Հայաստանի ու Արցախի բարեկամներն են, հետևաբար՝ մեր բարեկամներին որևէ մեկը չի կարող արգելել այցելել մեր երկու երկրներ։ Ադրբեջանական կողմի այդ վայնասունը, որը բարձրացվել է, որևէ կերպ չպետք է անդրադառնա մեր բարեկամ պետության և բարեկամ ազգի ներկայացուցիչների այցերին, թե Արցախ, թե Հայաստան»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Վարդան Ոսկանյանը նկատեց՝ այդ դաշինքը կրկին փորձում է  մեկ նետով երկու թիրախ խոցել։ Ակնհայտ է, որ զորավարժություններն ուղղված են Իրանի դեմ, բայց որպես այդ հակաիրանական գործողության ենթատեքստ, բնականաբար, Իրանի դիրքորոշումն է՝ կապված ադրբեջանաթուրքական պատրանք «թուրանական միջանցքի» հետ։

«Փորձ է կատարվում Իրանին զսպելու և ի վերջո հասնելու իրենց երազած «միջանցքին»։ Իրանին այս տիրույթում զսպելու չափազանց բարդ և նույնիսկ անհնարին խնդիր է, հաշվի առնելով այն, որ հարցն առնչվում է  Իրանի պետական անվտանգությանը, ուստի իրանցիներն աշխատելու են շատ հստակ մեթոդաբանությամբ։ Իրանում միանշանակ բոլոր մակարդակներում, կարծում եմ՝ որոշում է կայացվել առ այն, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը գոյութենական վտանգ է ոչ միայն  Հայաստանի ու Արցախի համար, այլև Իրանի, սա ամենևին լավ օրեր չի խոստանում Բաքվի բռնապետին»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս