Սպանդը կատարում են բակերում՝ հակահիգիենիկ պայմաններում, մսեղենը տանում են սպանդանոց, կշռում են, տալիս թուղթը, և այդ թղթով միսը գալիս է շուկա. Գրիգոր Գրիգորյան
Արդեն երկար ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այստեղ էլ օրինախախտումները շարունակվում են:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքը սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։
Տնտեսվարողներն էլ, բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով՝ գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:
Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի գնահատմամբ՝ այս անկատար օրենսդրության պայմաններում մեր գյուղատնտեսության առանձնահատկություններից, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից ելնելով՝ սպանդանոցային մորթը թեև պետք է պարտադիր լինի, սակայն դրա համար նախապայմաններ պետք է լինեն:
«Հիմա ստեղծել են մի մեխանիզմ, որը ես համարում եմ կոռուպցիոն: Ստեղծելով սպանդանոցների ցանց՝ իմ խորը և հիմնավոր կասկածներով, առանց աշխատանքը կատարելու՝ նրանք պարզապես վաճառում են տեղեկանք, որ միսը ստացվել է այստեղից: Կամ սպանդը կատարում են բակերում՝ հակասանիտարական, հակահիգիենիկ պայմաններում, մսեղենը վերցնում են, տանում սպանդանոց, այնտեղ կշռում են, նայում են, տալիս թուղթը, և այդ թղթով այն գալիս է շուկա: Դրանով իսկ սպանդանոցը խնայում է էլեկտրականություն, ջուր և այլն. մի կողմից՝ ձեռնտու է, մյուս կողմից էլ՝ ցույց է տալիս, որ աշխատանք է կատարել»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ կան համարակալման, հաշվառման ծրագրեր, համաճարակաբաններ, և դա կոչվում է համաճարակաբանական միավոր: Իսկ վերահսկողություն կատարվում է առաջին հերթին նրա համար, որ մարդիկ չվարակվեն:
«Ու եթե վարակի վերահսկողությունը չկա, կառուցված չէ այդ ցանցը, ինչքան սպանդանոց ուզում եք՝ սարքեք: Իսկ վարակի վերահսկողությունը հնարավոր է միայն կենդանիների հետագծելիության դեպքում: Հետաքրքիր է, վերջին անգամ կենդանիների շրջանում քանի՞ հիվանդություն են հայտնաբերել. ըստ ՍԱՏՄ վիճակագրության, որը չի հրապարակվում, սպանդանոցներում որևէ հիվանդություն չի հայտնաբերվել. զրո խնդիր՝ հիվանդությունների հետ»,- նշեց ՍԱՊԾ նախկին պետը:
Հավելենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը դեկտեմբերի 1-ին շտապ խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների և Տեսչական մարմնի մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հստակ հանձնարարականներ՝ կենդանիների մորթից գոյացած մթերքի և հումքի մատակարարման նկատմամբ ՍԱՏՄ տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկման գործընթացի կապակցությամբ:
Ամենօրյա վերահսկողություն կիրականացվի հանրապետության բոլոր մարզերի մայրուղիների վրա, ինչպես նաև իրացման ցանցում՝ ստուգելու մատակարարվող և վաճառվող կենդանական ծագման մթերքի և հումքի սպանդանոցային ծագման փաստը, միս-մսամթերքն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականի առկայությունը, ինչպես նաև մեքենաների և իրացման կետի տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները: