«Երկու տարի է՝ Ադրբեջանին ոչինչ չեք ասում, սա կանգնեցրե՞ց Ջերմուկի պատերազմը». Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին
«Որպեսզի մեր հայրենակիցների համար պարզ լինի, թե մենք ԱԺ արտահերթ նիստում 4 ժամից ավելի ինչ ենք քննարկում՝ ասեմ»,- ԱԺ արտահերթ նիստում ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԺ հայտարարության» վերաբերյալ քննարկմանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն իրենց երկու բան են ասում՝ «եկեք՝ չասենք «Արցախի Հանրապետություն» բառերը, չասենք, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համադրաբար է գործում, չասենք, որ թշնամական պետությունները տարածքներ են օկուպացրել, որպեսզի պատերազմ չլինի»։
«Երկու տարի է՝ չեք ասում, հրաժարվել եք «Արցախի Հանրապետություն» բառերն օգտագործելուց, բարձր պետական մակարդակով Արցախ այցելությունից՝ դա կանգնեցրե՞ց Ջերմուկի պատերազմը, որևէ կերպ խանգարե՞ց, որպեսզի հայ կնոջ մարմինը չխոշտանգվի, որ հայ գերիներին չգնդակահարեն՝ իհարկե ոչ, որովհետև թշնամու գործողությունները պայմանավորված չեն մեր այստեղ արվող հայտարարություններով։
Փոխարենը՝ պայմանավորված են իրենց ստրատեգիական նպատակներով, և երկու տարի, երբ դուք որդեգրել եք այս քաղաքականությունը, մենք ունենք այն պատկերը, որ հիմա արդեն Ադրբեջանը Արցախի հավակնությունների մասին չի խոսում, այլ Երևանի»,- շեշտեց Քրիստինե Վարդանյանը։
Ըստ նրա, ՔՊ-ն վարում է «հիմար կկվի» քաղաքականություն, որը կարծում է, թե իր ձագերին հերթով տալով՝ կարող է նրանց փրկել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում