Արևմուտքը փորձում է մխրճվել Երևանի և Բաքվի միջև ռուսական միջնորդական ջանքերի մեջ. Լավրով

Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի մեջ։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, որ այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնում է սահմանազատման հարցում և աջակցություն կցուցաբերի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը։

«Զուգահեռաբար մենք ականատես եղանք այդ գործընթացների մեջ մխրճվելու այլ խաղացողների ջղաձիգ փորձերին։ Մենք դրա հետ ոչ մի խնդիր չենք ունեցել։ Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի հետ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով չեն մասնակցելու։ Դրանով նրանք հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին»,- ասել է Լավրովը։

Այժմ թե՛ ֆրանսիացիները, թե՛ ամերիկացիները, թե՛ Եվրամիությունն ընդհանուր առմամբ, նրա խոսքով, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել ռուսական մասնակցությամբ:
«Օրինակ` Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում։ Դե, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը` ձեռքներին չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որոնք միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում են, ինձ համար դժվար է պատկերացնել»,- հավելել Է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս