Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ 2022 թ.-ի համաշխարհային համաժողովին

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ 2022 թվականի համաշխարհային համաժողովին:

Մինասյանն իր ելույթում նշել է, որ ռասիզմը և խտրականությունն անմարդկային երևույթներ են, որոնք խախտում են մարդու հիմնարար իրավունքները և անընդունելի են ժամանակակից աշխարհում: Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում հավասար իրավունքները և մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքը վաղուց դարձել են համընդհանուր արժեքներ:

Հայաստանը բարձր է գնահատում խտրականության բոլոր ձևերի վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Մինասյանը նշել է, որ Հայաստանը շատ կարևոր է համարում իր բոլոր բնակիչների համար՝ անկախ ազգությունից կամ քաղաքացիությունից, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ վերջիններիս ձայնը լսելի կդառնա, նրանց իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն պետության, հասարակության, ինչպես նաև անհատների կողմից։

Ամփոփելով խոսքը՝ Գրիգոր Մինասյանը նշել է. «Հայաստանը լիովին հավատարիմ է միջազգային հանրության վեհ նպատակին՝ վերացնելու խտրականության բոլոր ձևերը, որպեսզի կարողանանք ստեղծել ավելի երջանիկ, առողջ և որ ամենակարևորն է՝ ավելի ապահով հասարակություն, որը հնարավորություն կունենա ապրել ատելությունից և խտրականությունից զերծ աշխարհում»:

Տեսանյութեր

Լրահոս