«Սարմենին 17 օր հետո ենք գտել․ գրպանում խաչ է եղել, 4 ընկերով են ունեցել այդ խաչից»․ 22-ամյա լեյտենանտը զոհվել է Ջերմուկում
2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 22-ամյա Սարմեն Արկադիայի Բեջանյանը Իջևան քաղաքից էր, ընտանիքի միակ որդին։
Սարմենը ծնվել էր 2000 թվականի մայիսի 24-ին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, զուգահեռ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտելուց հետո որպես սպա ծառայության էր անցել Վարդենիսում, ապա տեղափոխվել Սիսիան, իսկ այս տարեսկզբին՝ Ջերմուկ։
Զոհված լեյտենանտի հորեղբոր կինը՝ Մերի Մելքումյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ Սարմենն անսահման բարի և հայրենասեր մարդու տեսակ էր, դա է վկայում նաև նրա ընտրած ուղին՝ հայրենիքի պաշտպանության գործին նվիրվելը։
«Շատ խելացի, կազմակերպված, անկեղծ և անչափ բարի երեխա էր։ Փոքր տարիքից ծնողների հոգսը վերցրել էր իր վրա, ուսանողական տարիներին հա՛մ սովորում էր, հա՛մ աշխատում։ Օգոստոսի 7-ին իր պրիսյագն էր՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում։ Վարդենիսում և Սիսիանում որոշ ժամանակ ծառայելուց հետո, 2022 թվականի փետրվարին իրենք տեղափոխվել էին Ջերմուկ։ Սարմենն անընդհատ դիրքերում է եղել, էս վերջում էլ՝ 1 ամսից ավելի դիրքերում էր, չէր իջել։ Հենց այդ օրն էլ, այդ ժամին էլ ինքը պոստի է կանգնած եղել, ժամը 23։00-ից մինչև 3։00-ն իր հերթափոխն է եղել։ Ինքը դիրքի ավագն էր, դասակի հրամանատարը․․․»։
Սարմենը վերջին անգամ օգոստոսի սկզբին էր տուն եկել։
«Մեկ օրով եկել, ծնողներին տեսել ու գնացել էր։ Հոկտեմբերին պետք է 10 օրով արձակուրդ գար, բայց այդպես էլ չհասցրեց գալ․․․»,- ասաց զոհված սպայի հորեղբոր կինը։
Սարմենը դեպքից ժամեր առաջ էր զանգահարել ծնողներին, սովորականի պես զրուցել, ասել, որ իր հետ ամեն բան կարգին է, և, որ քիչ հետո իր հերթափոխն է լինելու, պետք է դիրք բարձրանա․
«Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 21։30-ի սահմաններում իր մայրիկի հետ է խոսել, ասել է՝ ամեն ինչ նորմալ է։ Հայրիկն այդ ժամանակ աշխատանքի է եղել, չի կարողացել խոսել, մոտ մեկ ժամ հետո՝ ժամը 22։30-ի սահմաններում, հայրիկին էլ է զանգել։ 23։00-ի սահմանում էլ ընկերոջ հետ է խոսել, ասել է՝ իմ հերթն է, պոստի եմ, ամեն ինչ նորմալ է, ու դրանից հետո զանգ չի եղել, հեռախոսն էլ մինչ այս պահը չի գտնվել․․․»։
Մերի Մելքումյանը պատմեց, որ հարազատները երկու շաբաթից ավելի փնտրել են Սարմենին, ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ դիահերձարաններում: Հույս են ունեցել նաև, թե կարող է գերեվարված լինի, բայց․
«Սարմենին 17 օր հետո ենք գտել, 17 օր հայրիկն ու հորեղբայրը մարզ-մարզ ընկած ման են եկել։ Այդ ընթացքում ծնողները նաև ԴՆԹ անալիզ էին հանձնել, 17 օր հետո զանգել են հայրիկին, ասել՝ համընկել է ձեր ԴՆԹ-ն։ Հորեղբայրը, քեռիներն ու ընկերը գնացել են Մարտունու դիահերձարան, ճանաչել։ Իր գրպանում խաչ է եղել կտորից սարքած, 4 ընկերով են ունեցել այդ խաչից, դա էլ գրպանում է եղել․․․ Սարմենի անունն իր պապիկն էր դրել։ Պապիկի անունը Սամվել էր, իրենք արմատներով Կոթի գյուղից են, այնտեղ Սարմիկ են ասել իրեն։ Սարմենն ընտանիքի առաջին թոռնիկն էր, պապիկն էլ որոշել էր ու Սարմեն դրել անունը․․․»։
Սարմեն Բեջանյանը հուղարկավորվել է Իջևանում, ընտանեկան գերեզմանատանը՝ պապիկի կողքին: