«Ցայտնոտի մեջ են՝ Եկեղեցու դեմ արշավը չեն հաջողելու. անասնական բնազդով զգում են վերահաս վտանգը». Իջևանցի Սևադա Ղուկասյան

Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանն ուշադրությամբ հետևում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի քայլերին։ Ասում է՝ իր համերկրացի Նիկոլ Փաշինյանին երբևէ Առաքելական եկեղեցին չի հետաքրքրել, հետևաբար՝ եթե հիմա որոշել է նման հակաեկեղեցական արշավ սկսել, նշանակում է՝ ցայտնոտի մեջ է։

«Երբ հանցախումբն անելիք այլևս չի ունենում, դիմում է ծայրահեղ քայլերի՝ գնում է վա-բանկ։ Իմ խորին համոզմամբ, իրենք այսօր շատ ծանր վիճակում են գտնվում։ Եթե նույնիսկ չեն էլ արտահայտվում, ապա անասնական բնազդով զգում են վերահաս վտանգը, գիտեն՝ ինչ են արել ու իրենց ինչ է սպասվում։ Հիմա իրենք կորցնելու բան չունեն, դրա համար գնում են ծայրահեղ քայլերի ու իրենց հանցագործությունների շղթան ավելացնելու։ Համոզված եմ՝ այդ ամենը հաջողություն չի ունենալու»,- 168.am հետ զրույցում նշեց Սևադա Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ինչ-ինչ հանգամանքների բերումով որոշակի «ճանաչում» է ձեռք բերել, դրա արդյունքում էլ սկսել է հասարակության տարբեր շերտերի հետ շփվել։ Այդ հանդիպումների ընթացքում շատերն են իրենց դրսևորել որպես ազգասեր ու հայրենասեր, հետևաբար վստահ է՝ քանի նման մտածողությամբ մարդիկ կան, հայ ազգը չի կարող մշտապես պարտվել, ու պարտված իշխանությունը չի կարող մշտապես վերընտրվել։

«Առաքելական եկեղեցին մեզ համար ազգային մեծ արժեք է ներկայացնում, անկախ ամեն ինչից՝ այդ կառույցն է դարեր շարունակ պահպանել հայի ինքնությունը։ Պատմության մեջ հայ ազգը միշտ միավորվել է, երբ փորձել են դիպչել իր ազգային արժեքներին, ցավոք, մեր ազգն ուշ գիտակցեց, որ Արցախն էլ էր ազգային արժեքներից։ Եկեղեցին ու ազգային ուժերը պետք է առաջնորդեն ժողովրդին՝ հանուն ազգի փրկության»,- հավելեց Սևադա Ղուկասյանը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, թե Եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, սակայն այնպես է անում, որ ինքը եկեղեցուն ներքաշի քաղաքականության մեջ, ուզում է քաղաքականացնի, բայց չի հաջողվելու։

«Նախադրյալներ կան, որ այդ անձն ուզում է նաև Իջևան գա, այստեղի եկեղեցիները պղծի, բայց չի կարողանում բավարար չափով մարդ հավաքել։ Տեսել եք հավանաբար, որ Տավուշի մարզպետն էլ է գնում Հովհաննավանք, այստեղ ու այնտեղ պատարագների մասնակցում, ախր դրանց թիմից շատերին գիտեմ, երբեք չեմ տեսել, որ եկեղեցում ինչ-որ միջոցառման մասնակցեն։ Իրենք էլ են հասկանում, որ մասնակցում են զուտ Նիկոլի կազմակերպած շոուին։ Ասում եմ, էլի, գյուղերն ամբողջությամբ մոբիլիզացնում են, բայց արդյունքում այդքան մարդ են կարողանում միայն հավաքել։ Իբր աշխատանքային օրերին դրա աշխատակազմը նորմալ աշխատում է, կիրակիներին էլ հավաքում-տանում է այստեղ ու այնտեղ։ Ծիծաղելի վիճակում են այդ մարդիկ»,- շեշտեց նա։

Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու որևէ հնարավորություն չունի, բայց հայ ազգը պետք է հասկանա, որ այսօր արդեն գործ ունի ոչ թե Նիկոլի, այլ «նիկոլիզմի» հետ։

«Դրանց հետևից գնալը ու դրանց քաղաքական հոսանքին հետևելը, մեղմ ասած՝ մեծ ամոթ է։ Իրեն ժողովուրդը չի ընտրելու, բայց, ինչպես ասում են՝ «չագուջն ու մեխն» իրենց ձեռքին է, եթե այս կարգի Սահմանադրությանն ու օրենքին դեմ են գործում, իրենց համար խնդիր չի կեղծել նաև ընտրությունները։ Նիկոլին պետք է հեռացնել այնպես, ինչպես բազմաթիվ բռնապետերի են հեռացրել, ոչ թե ընտրությունների միջոցով»,- ընդգծեց Սևադա Ղուկասյանը։

Նշենք, որ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանն իր հայրենակցին՝ Նիկոլ Փաշինյանին, տարբեր մեթոդներով հասկացրել է, որ սխալ քաղաքականություն է վարում, ուստի պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը մնա։ Այս առնչությամբ նա բազմաթիվ ակցիաներ է իրականացրել, ընդհուպ՝ 2021 թվականին էշով Իջևանից եկել, հասել էր Երևան, որպեսզի, ինչպես ինքն էր ասել՝ «Նիկոլ Փաշինյանին տուն տանի»։

Բոլոր այս ակցիաներից ու հայտարարություններից հետո իրավապահները սկսեցին հետապնդել Սևադա Ղուկասյանին, նրան բերման էին ենթարկել։

Տեսանյութեր

Լրահոս