Արդեն այդ խաղն էլ այլևս չեն խաղում. վերջերս բանագնացների մասին էլ չենք լսում. թուրքագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ է տեսնում:

«Այժմ նրանք ասում են, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք էլ ասում ենք, որ աջակցում ենք դրան։ Ցանկանում ենք՝ այս երկու գործընթացները զուգահեռ ընթանան. խոսքը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին է»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Բաքվի բռնապետը նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ այս մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է նաև թուրքական կողմը:

«Թուրքիան պատերազմից հետո հայ-թուրքական հարաբերությունները շարունակ կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ինչի մասին Էրդողանն անձամբ ասել է նաև Փաշինյանին,- նշեց թուրքագետը, ապա անդրադառնալով տարբեր շրջանակներում հայ-թուրքական հարաբերություններից միֆականացված սպասելիքներին՝ նկատեց,- Շատերը միամտորեն պատկերացնում են, թե Թուրքիայի հետ հարաբերությունները մեկնարկելուց հետո, պետք է սահմաններ բացվեն, առևտուրն աճի, Թուրքիայի նավամատույցներն օգտագործվեն, սակայն, եթե ուշադիր հետևեն գործընթացներին՝ կհասկանան, որ Թուրքիան ընդհանրապես այդ մասին չի խոսում, իսկ սահմանների բացմանն անդրադարձել է միայն մեկ անգամ, այն էլ, երբ խոսում էր երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելու մասին»:

Կարդացեք նաև

Թուրքագետը համոզված է՝ Ադրբեջանի վերջին սադրանքները ցույց են տալիս, որ փորձ է արվում ձախողել «խաղաղության պայմանագիր» կոչվածը, որն անգամ ստորագրվելու պարագայում «խաղաղության պայմանագիր» չէր դառնալու, իսկ հայ-թուրքական հարաբերությունները չունեն հեռանկար:

«Հայ-թուրքական հարաբերություններն այն են, ինչ ունենք՝ երկու բանագնացներ: Ի դեպ, արդեն այդ խաղն էլ այլևս չեն խաղում. վերջերս նրանց մասին էլ չենք լսում: Արդեն այդ փուլն էլ անցան, առավել ձեռնտու փուլի հասան, երբ այլևս բանագնացների միջոցով որևէ բան անելու խնդիր էլ չկա արդեն. արդեն մեր իշխանություններին բերել են այն կետին, որ ամեն ինչ ավարտին է գնում»,- պարզաբանեց Տիրան Լոքմագյոզյանը:

Տեսանյութեր

Լրահոս