Հետպատերազմյան Հարավային Կովկաս։ Եվրոպական ուղեղային կենտրոնների գնահատականներն ու վերլուծությունները

 2020թ. 44-օրյա պատերազմից և հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողություն սկսելուց հետո Հարավային Կովկասը կրկին վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր տարածաշրջանի։ Վերջին ամիսներին այդ մրցակցության մեջ բավական ուրույն տեղ է զբաղեցնում Եվրոպական Միությունը, որը, ի հակառակ բոլոր սպասումների, կարողացել է ոչ միայն  լուրջ դերակատարում ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև վիճարկել Ռուսաստանի միջնորդության նշանակությունն ու արդյունավետությունը հակամարտության հաղթահարման գործում։

Ավելին, թե՛ քաղաքական շրջանականերում և թե՛ փորձագիտական միջավայրում այսօր արդեն լրջորեն քննարկվում է, թե խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակը կստորագրեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ մոսկովյան, թե՞ բրյուսելյան։ Ակնհայտ է, որ Եվրոպական Միությունը երկարաժամկետ ծրագրեր է մշակել մեր տարածաշրջանի համար և մտադիր է հետևողական լինել իր նպատակադրումներում։

Հասկանալու համար, թե ի՞նչ գաղափարներ և ի՞նչ ծրագրեր կարող է ունենալ Եվրամիությունը Հարավային Կովկասում, ս.թ. նոյեմբերի սկզբին այցելել եմ Բրյուսել, որտեղ հանդիպել եմ մեր տարածաշրջանի հիմնախնդիրներով զբաղվող մի շարք փորձագետների և խոսել նրանց հետ Հարավային Կովկասի ու հարակից տարածաշրջանների քաղաքական զարգացումների մասին։ Ստորև կներկայացնեմ Եվրոպայի առաջատար վերլուծական կենտրոններում աշխատող այդ փորձագետների կարծիքներն ու մոտեցումները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի հեռանկարների, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության և այլ հարցերի վերաբերյալ։ Բայց քանի որ զրույցներս այդ փորձագետների հետ մասնավոր բնույթի էին, ապա ես զերծ կմնամ նրանց անունները հրապարակելուց և կներկայացնեմ միայն Եվրոպայի փորձագիտական շրջանակներում առկա գնահատականների ամփոփ նկարագիրը։

Հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմի արդյունքները խիստ անսպասելի էին եվրոպացի փորձագետների համար։ Իրենց խոսքում նրանք շեշտում են, որ Ադրբեջանում նույնպես չէին ասպասում այդպիսի հաղթանակ։ Պատերազմից հետո Հայաստանն աղետալի վիճակում է հայտնվել։ Հայկական կողմն ունեցավ տարածքային և մարդկային մեծ կորուստներ և որ պակաս կարևոր չէ՝ հիմա արդեն չունի իրավիճակը շտկելու հնարավորություն։ Ամբողջ աշխարհը, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Սա մի իրողություն է, որից հնարավոր չէ փախչել։ Հետևաբար, ըստ փորձագետների, ուշ թե շուտ արցախահայությունը ստիպված է լինելու լքել իրենց հայրենիքը։ Նրանք վստահ են, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի առանձնահատուկ իրավունք, առավել ևս՝ ինքնավարություն, Արցախին չեն տրամադրելու։ Եվ միակ գործոնը, որ մինչ այս պահը արցախահայությանը պահում է իր տեղում, ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է, որի ներկայությունը Արցախում, ի դեպ, եվրոպացի փորձագետների համար ցանկալի չէ։ Ընդհանրապես նրանք չեն թաքցնում, որ մեր տարածաշրջանում արևմտյան քաղաքականության հիմնական խնդիրը ռուսական զորքերի դուրսբերումն է։ Ըստ Բրյուսելում գոյություն ունեցող գնահատականների, հենց ռուսական ներկայությունն է Հարավային Կովկասի բոլոր խնդիրների հիմնական պատճառը։

Եվրոպայում դրական են գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցային, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Այնտեղ վստահ են, որ որքան արագ լուծվեն այդ խնդիրները, այնքան ավելի շուտ տարածաշրջանը կթևակոխի համագործակցության և տնտեսական զարգացման ժամանակաշրջան։ Հենց այս խնդիրն են նրանք դիտարկում որպես մեր տարածաշրջանի արդի քաղաքականության ամենակարևոր գործընթաց։ Ընդ որում, շեշտում են, որ որպես հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերջնաարդյունք, ի թվիս այլ հարցերի, նրանք տեսնում են մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազումն ու Հարավային Կովկասի՝ Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի հաստատումը։

Բրյուսելում աշխատող փորձագետները համամիտ են այն մտքի հետ, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում զգալիորեն մեծացել է Թուրքիայի դերակատարումը։ Սակայն դա նրանք որպես խնդիր չեն դիտարկում։ Ճիշտ հակառակը՝ կարծում են, որ նախ դա նշանակում է Արևմուտքի ներկայություն այս տարածաշրջանում, որովհետև Թուրքիան ամեն դեպքում արևմտյան ճամբարի մաս է և երկրորդ՝ համոզված են, որ ուժեղ Թուրքիա Հարավային Կովկասում նշանակում է նաև թուրքական ազդեցության աճ Միջին և Առաջավոր Ասիայում, իսկ դա խիստ կարևոր և անհրաժեշտ տարածաշրջաններ են Արևմուտքի համար։

Ըստ նրանց գնահատականների, հայկական կողմից զատ 44-օրյա պատերազմի երկրորդ պարտվող կողմը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որի համար Հարավային Կովկասում սպառնալիքի նոր աղբյուրներ և պայքարի նոր ճակատ է ստեղծվել։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա զրուցակիցներս կարծում են, որ Ռուսաստանը դեռևս կարողանում է Հարավային Կովկասում լուծել իր հիմնական խնդիրը՝ կռիվներ սերմանել տարածաշրջանային պետությունների միջև, փորձել կառավարել այդ պրոցեսները և այդկերպ ապահովել իր ռազմական, քաղաքական ու տնտեսական ներկայությունը։

Հայ-ադրբեջանական բանակցություններ ու անվտանգության երաշխիքներ

Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ներկայումս ընթանում են երեք կողմերի՝ Ռուսաստանի, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ընդ որում, նույն հարցի շուրջ երեք այս կողմերի միջև նույնպես մեծ մրցակցություն կա։ Իմ զրուցակիցներից փորձել եմ պարզել, թե ո՞րն է ըստ նրանց մոսկովյան և բրյուսելյան միջնորդության տարբերությունները՝ նշելով, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի պարամետրերը երկու դեպքում էլ շատ նման են կամ նույնական։ Այս հարցի տարածված պատասխանը հետևյալն է՝ տարբերությունը նպատակադրումների մեջ է։ Ռուսաստանը, ըստ նրանց, ցանկանում է կառավարելի պրոցես ունենալ, որպեսզի հետագայում կարողանա շարունակի իր՝ «բաժանիր և տիրիր» քաղաքակամնությունը։ Մինչդեռ Եվրոպայի նպատակը հենց ինքը՝ խաղաղությունն է։ Այսինքն, ըստ փորձագետների, Ռուսաստանը հայ-ադրբեջանական բանակցություններում իր մասնակցությամբ փորձում է ձգձգել խաղաղության հաստատման պրոցեսը, իսկ Եվրոպան հակառակը՝ ամեն ինչ անում է, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս շուտ հաղթահարվի։

Իմ այն հարցադրմանը, թե ինչ կարող է ստանալ Հայաստանը հակամարտության շուտափույթ հաղթահարման արդյունքում, նշվում է, որ խաղաղություն ու տնտեսական զարգացում։ Արցախի հետ կապված որևէ ակնկալիք, ըստ զրուցակիցներիս, հայկական կողմը չի կարող ունենալ։ Նրանք նշում են, որ նախկինում Հայաստանը ունեցել է արցախյան հարցն իր համար ավելի շահեկան ձևով լուծելու հնարավորություններ, սակայն հիմա դա այլևս անհնար է։ Ընդ որում, որպես խաղաղության և զարգացման երկրորդ նախապայման եվրոպացի փորձագետները դիտարկում են ռուսական զորքերի դուրսբերում ոչ միայն Արցախից, այլև Հայաստանի տարածքից։ Իմ ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի անվտանգության երաշխիքները և արդյոք Արևմուտքը կարո՞ղ է նման երաշխիքներ տրամադրել մեզ, հնչում է հետևյալ պատասխանը՝ ա) Ռուսաստանը ինքը որևէ անվտանգային երաշխիք չի ապահովում Հայաստանի համար և 44-օրյա պատերզմն ու դրան հետևած զարգացումները դրա ապացույցն են, բ) Եվրոպան չունի Ադրբեջանի վրա ազդեցության մեխանիզմներ, բայց ունի փափուկ ուժի գործիքներ, որոնք կարող է ծառայեցնել Հարավային Կովկասում անվտանգային և համագործակցային խնդիրներ լուծելու համար և գ) Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Հայաստանին այլևս ոչինչ չի սպառնա։ Նրանք համարում են, որ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը, օրինակ այն, որ իբր Երևանը ադրբեջանական քաղաք է, օգտագործվում է զուտ մեկ նպատակով՝ ստիպել Հայաստանին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Այդ ամենը, ինչպես նաև ՀՀ տարածքով սուվերեն միջանցք ստանալու Բաքվի ցանկությունները նրանք հիմարություն են կոչում և համոզմունք հայտնում, որ նման պահանջները շուտով կդադարեն։

Ուկրաինական ճգնաժամն ու Հարավային Կովկասի ապագան

Եվրոպայում աշխատող փորձագետներն ընդգծում են, որ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ արտաքին քաղաքականության մեջ մեծացել է Ուկրաինայում սկիզբ առած պատերազմի հետևանքով։ Նրանք նշում են, որ եկել է Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր տարածաշրջաններում մրցակցելու և ամեն տեղ Ռուսաստանին հարվածներ հասցնելու ժամանակը։ Փորձագետները համոզված են, որ եթե հանկարծ Ռուսաստանը Ուկրաինայում հաղթանակ տոնի (այս սցենարը, ի դեպ, նրանք շատ վստահ բացառում են), ապա հաջորդիվ Կրեմլը կհարձակվի մեկ այլ երկրի վրա և ամբողջությամբ կկազմաքանդի ձևավորված աշխարհակարգն ու գոյություն ունեցող անվտանգային մեխանիզմները։ Ըստ նրանց, Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից հետո լիովին անիմաստ են դառնում Հարավային Կովկասի ապագայի մասին բոլոր դատողությունները, քանի որ այդ ժամանակ ամեն բան որոշողը հենց Ռուսաստանը կլինի։

Բայց քանի որ առանց բացառության բոլոր զրուցակիցներս վստահ էին, որ Ռուսաստանը պարտություն է կրելու Ուկրաինայում, ապա նաև նշում էին, որ դրանից հետո պետք է լինելու արագ հեռացնել Ռուսաստանը բոլոր այն տարածաշրջաններից, որտեղ Կրեմլը դեռևս ազդեցություն ունի։ Ավելին, որոշները խոսում էին նաև Ռուսաստանի կազմաքանդման և Հյուսիսային Կովկասում ազգային նոր պետությունների ի հայտ գալու հնարավորության մասին։

Այս սցենարի կյանքի կոչվելու դեպքում Հարավային Կովկասը նրանք տեսնում են որպես միմյանց հետ համագործակցող, տնտեսական ամուր կապերով կապված տարածաշրջան, որը Եվրոպայի համար կարող է նաև աշխարհատնտեսական շատ մեծ կարևորություն ունենալ։ Իհարկե, այս դեպքում դիտարկվում է նաև իրանական գործոնի հնարավոր ազդեցությունները, բայց Իրանի հետ կապված էլ Բրյուսելում հույսեր են փայփայում, որ ուշ թե շուտ այնտեղ հեղափոխություն կիրականացվի, որից հետո Իրանը նույնպես կարող է դիտարկվել որպես գործընկեր երկիր։

Եվրոպացի փորձագետները չեն թաքցնում, որ իրենց օրակարգի թիվ մեկ խնդիրն այժմ Ուկրաինան է և մնացած բոլոր հարցերը բխեցվում են հենց Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից։ Չլիներ ուկրաինական պատերազմը, հնարավոր էր՝ չէր լինի նաև հայ-ադրբեջանական բանակցություններում եվրոպական միջնորդություններ։ Նրանք նաև նշում են, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր անձնական մեծ ձեռքբերում է համարում այն փաստը, որ կարողացել է Ալիևին ու Փաշինյանին Պուտինի ազդեցության դաշտից տեղափոխել Եվրոպա։ Միշելը դրա վրա անձնական մեծ փիար է կառուցում Բրյուսելում և ամեն տեղ ներկայանում որպես գործիչ, ով կարող է հակամարտություններ կարգավորել Հարավային Կովկասում (այս լույսի ներքո նրա կողմնակիցները հղվում են նաև Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված այսպես կոչված «Միշելյան պայմանավորվածություններին»)։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս