«Եթե տրվի սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն». հիշելով նոյեմբերի 17-ի իրադարձությունները՝ Գասպարյանի ուղերձից մինչև Փաշինյանի «բացահայտումներ»
Երկու տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 17-ին, այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ էր տարածել, որում նշվում էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։
Օնիկ Գասպարյանը հերքում էր այն մեղադրանքները, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։
«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:
Մասնավորապես նշել եմ, որ.
1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
2. Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից:
Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը:
Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը»,- իր ուղերձում մանրամասնում էր պատերազմի ընթացքում ԳՇ պետի պարտականությունները կատարած Օնիկ Գասպարյանը՝ հավելելով, որ միաժամանակ բարձրացրել է նաև 100.000 կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Ըստ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմից չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով, Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա, բայց ծանր կորուստներ էր կրում նաև հայկական զինված ուժերը:
«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում:
Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:
Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…
Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պե´տք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն։
Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար»,- շեշտում էր Օնիկ Գասպարյանը:
Անդրադառնանք այստեղ հնչեցված մի քանի ձևակերպումների:
Նախ՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ասում է, որ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի օր հետո նախ՝ Նիկոլ Փաշինյանին, ապա դրանից էլ օրեր հետո՝ ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Օնիկ Գասպարյանի ուղերձից տպավորություն ես ստանում, որ Նիկոլ Փաշինյանն ընկալել է ներկայացվածի լրջությունը: Իրականությունը, սակայն, այլ բանի մասին է հուշում:
2020-ի հունիսի 19-ին տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի մասին, ըստ էության, խոսում է իր ուղերձում Օնիկ Գասպարյանը: Այստեղ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:
Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «Արևմտյան Ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու, այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան Ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:
Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների»:
ՀՀ և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստից հետո սկսվեցին հուլիսյան մարտերը, որտեղ արդեն իսկ թուրքական գործոնը երևում էր:
Իսկ ի՞նչ է Նիկոլ Փաշինյանն անում՝ 71 հոգու «Մարտական խաչ» է տալիս, իսկ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում՝ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ: Արդեն 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը իր՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում ընդունում է հուլիսյան մարտերի, այսպես ասած, բացասական ազդեցությունը 44-օրյա պատերազմի սկսման հարցում, իհարկե, այլ տեսանկյունից՝ անտեսելով իր արկածախնդիր լինելու և սադրելու փաստը:
«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»,- գրել էր Փաշինյանը:
Իր հերթին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:
«Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր: Թուրքիայի ինտենսիվ մասնակցության արդյունքում է դա եղել: Այսինքն, Թուրքիան հավելյալ հնարավորություններ է տվել, օրինակ, F-16-ի, որը Թուրքիան տրամադրել է: Մեր տեխնոլոգիաները F-16-երի տեսանկյունից խնդիրներ չեն կարող լուծել: Այսինքն, էդ պահի իրավիճակում եղել է Ադրբեջանը, հետագայում Թուրքիան ավելի մեծ ինտենսիվությամբ է մտել Ադրբեջան, ավելի մեծ օգնություն է ցուցաբերել»,- շեշտել էր Գրիգորյանը:
Ի դեպ, 2021-ի հունիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Հուլիսյան մարտերի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասաց, որ այսպիսի միջադեպ է եղել, բայց Օնիկ Գասպարյանը քեզ սխալ է զեկուցել, ես էլ ասեցի՝ բացառված է, չեմ հավատում, Օնիկ Գասպարյանն էլ ասաց՝ բացառված է, որ ես քեզ սխալ բան զեկուցեմ, և այդպես է եղել մինչև պատերազմն ավարտվելուց հետո: Պատերազմի ընթացքում էլ եղել են դեպքեր, երբ Արցախից մեր գործընկերները եկել, ասել են՝ այս դրվագն այսպես է, ես էլ Օնիկին եմ զանգել այդ հարցով, որ ճշտեմ: Եկել ենք այն եզրակացության, որ պատերազմի հետ կապված դրվագներով ես պետք է լսեմ միայն իր ասածը, ես էլ համաձայնվել եմ դրա հետ, քանի որ ինքն է Զինված ուժերի անմիջական ղեկավարը»։
Թե կոնկրետ ի՞նչ դրվագի մասին է Նիկոլ Փաշինյանն այստեղ խոսում, մինչ այժմ հայտնի չէ: Մի օր, հնարավոր է, հայտնի դառնա:
Այդ ժամանակ ԱԱԾ տնօրենն Արգիշտի Քյարամյանն էր: Նա այդ պաշտոնին նշանակվել էր նույն այն օրը, ինչ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնում՝ 2020-ի հունիսի 8-ին:
Իսկ թե որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանը լսել Օնիկ Գասպարյանին 44-օրյա պատերազմի ժամանակ, կամ ի՞նչ է ասել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ղեկավարած Օնիկ Գասպարյանը, դարձյալ թողնենք ժամանակի բացահայտումներին: Հիմա միայն կարելի է ենթադրություններ անել, օրինակ, այն, որ 2020-ի հոկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պնդել՝ Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք իր առաջ դրված խնդիրները լուծելու համար:
Պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկին շատ ենք անդրադարձել, օրերս ևս մեկ անգամ՝ այլ տեսանկյունից, ուստի այդ թեմայի վրա շեշտը չենք դնի:
Միայն հիշեցնենք, որ այն Նիկոլ Փաշինյանը սկզբում հաստատել, կամ առնվազն չէր հերքել 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Արդեն իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր խոսքից, հատկապես այն ժամանակ, երբ ակտիվացել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը ստում է:
Օնիկ Գասպարյանը նման առաջարկ անելիս հաշվի է առել ոչ միայն ռազմական կարողությունները, ռեսուրսները, այլև դիվանագիտական, արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական կարողությունները, ինչպեսև նշել էր իր վերոհիշյալ ուղերձում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի որոշակի փուլում պատերազմը կանգնեցնելու հայկական առաջարկները մերժելուն, ապա իր նոյեմբերյան ուղերձում Օնիկ Գասպարյանը չի հստակեցնում՝ ե՞րբ է դա եղել, ի՞նչ պայման են դրել մեր առաջ, հատկապես, երբ ռուսական կողմը դաշտ էր նետել Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հոկտեմբերի 19-20-ին իրենց՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը՝ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով:
Վերապահումներ կան նաև այն ձևակերպման հետ կապված, որ բանակն արել է հնարավոր ամեն ինչ, բանակը կարող էր ավելին, եթե լիներ քաղաքական համապատասխան կամք և բանակի մարդկային և ոչ մարդկային ռեսուրսներին այդքան վնաս չհասցվեին, գուցե՝ դիտավորյալ: Այս մասին ևս անդրադարձ եղել է, որ կամա թե ակամա Օնիկ Գասպարյանը մի քանի անգամ նման ձևակերպումով փրկել է Նիկոլ Փաշինյանին:
Ինչ վերաբերում է աշխարհազորին, ապա դրան վերաբերող օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց 2020-ի պատերազմից մեկ ամիս առաջ, իսկ պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի վերջերին, ԱԺ-ն ընդունեց աշխարհազորի ձևավորման մասին օրենսդրական փաթեթը: Սակայն դրանից մեկ տարի անց ԱԺ-ը անդրադարձավ դրանում տեղ գտած բացերին:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանի ներկայացրած վերլուծությունն ընդունելուն կամ ընկալելուն, ինչի մասին նշեցինք, ապա կրկնենք՝ կամ Փաշինյանը չի ընկալել, կամ ընկալելով ներկայացրած իրադրության լրջությունը՝ գնացել է արկածախնդրության: Սակայն, եթե հաշվի առնենք, որ ԳՇ-ն՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, նրան մեղադրում էր ոչ ադեկվատ որոշումներ կայացնելու մեջ, ապա կարող ենք ենթադրել, որ գործ ունենք արկածախնդրության և դիտավորության հետ:
Հ. Գ. Ի դեպ, քանի որ հիշեցինք նոյեմբերի 17-ին տեղի ունեցած իրադարձությունը, հավելենք, որ 2021-ի նոյեմբերի 17-ին էլ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»: