ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին աններելի և անընդունելի է. Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի: Սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:

Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հնագույն խաչմերուկ է՝ որպես կամուրջ Արևմուտքի և Ասիայի սրտի միջև: Սակայն շատ հաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերը Հարավային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մոտ հարյուր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խոսել է նաև էթնիկ զտումների սպառնալիքների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բավարար չի եղել, ահա, թե ինչու ինքն ավելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնության հարցը՝ օգնելու տուժածներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

«Բայց անհավատալիորեն մենք դեռևս անվտանգային աջակցություն ենք ուղարկում Ադրբեջանին: Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարող է հիմնավորել Բաքվի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցություն՝ անվտանգային կամ այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես անընդունելի»,-ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ դա անարգանք է Ազատության աջակցության ակտին:

Այդ ակտի 907-րդ բաժինը կոչված է արգելելու աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ: Եվ, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը կրկին ու կրկին հրաժարվել է 907-րդ բաժնի կասեցումից: Նա տեղեկացրել է, որ այն 600 000 դոլար է խնդրել 2022 ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթությամբ և ուսուցմամբ ապահովելու համար։

«Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ օգնություն տրամադրվի այն ուժերին, որոնք հայտնի են պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով՝ հարևան պետության դեմ»,-շեշտել է սենատորը:

Մենենդեսը հիշեցրել է դեռ ամիսներ առաջ տարածված տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում անզեն հայ զինվորներին, նա նաև հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինվորի նկատմամբ սեռական ոտնձգությունների և մատերը, ոտքերը կտրելու մասին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ օգնությունն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ «Ուստի ուզում եմ, որ դուք մեզ փոխանցեք Կոնգրեսի պահանջած բոլոր մանրամասները, որպեսզի մենք կարողանանք գնահատել ցանկացած օգնություն, որը ԱՄՆ-ն տրամադրում է Բաքվին: Ես դեռ հույսեր ունեմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով ներկաներից լսել, թե ինչ կարող են անել Կովկասում խաղաղության համար՝ հատկապես Հայաստանի վրա վերջին հարձակումից հետո:

Սենատորը շեշտել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդիկ չեն ուզում ապրել բռնության սպառնալիքի ներքո, չեն ցանկանում ավտորիտար կառավարում, որը նրանց պարտադրվում է զենքով:

«Նրանք արժանի են խաղաղ ապրելու։ Նրանք արժանի են ազատության և անվտանգության: Իսկ դա նշանակում է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են այն բռնությունները, որ մենք տեսել ենք տարածաշրջանում»,-ընդգծել է Մենենդեսը:

Տեսանյութեր

Լրահոս