Շուշիի գորգերի շրջիկ ցուցադրություն կկազմակերպվի. առաջին կանգառը՝ Վանաձոր

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված և Հայաստան տեղափոխված գորգերի ցուցադրության և պահպանման վայրը դեռևս անորոշ է: ԿԳՄՍ նախարարությունն ու տնօրենն այդպես էլ չեն կարողանում որևէ տարածք ընտրել ու դրա շուրջ համաձայնության գալ, իսկ պատճառները տարբեր են:

Մինչ այս հարցը, ի վերջո, կգտնի իր լուծումը՝ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը որոշել է ձեռքերը ծալած չնստել ու շրջիկ ցուցադրություններ կազմակերպել: Առաջին կանգառը կլինի Վանաձորում՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում: Վանաձորյան ցուցադրության բացումը կլինի նոյեմբերի 18-ին, ժամը 18:00-ին:

«Որոշել եմ շրջիկ ցուցադրություն կազմակերպել տարբեր մարզերում, որովհետև տեսնում եմ, որ այնտեղ ավելի հետաքրքրված են: Տեսնում եմ, որ մարդիկ ուզում են սովորել այնտեղ, իսկ Երևանում ոնց որ ամեն ինչ ձևի համար լինի: Ցուցադրությունը կտևի մի քանի ամիս, լինելու են նաև կրթական ծրագրեր՝ կապված գորգարվեստի հետ: Սա կնպաստի, որ մարդիկ կրթվեն, ձևավորվի երիտասարդների թիմ, ովքեր շարունակելու են այս ամենը»,- մեզ հետ զրույցում հայտնեց Վարդան Ասծատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ ցուցահանդեսի տոմսի արժեքը 1000 դրամ է:

Կարդացեք նաև

Հետաքրքրվեցին՝ արդեն որոշե՞լ է, թե որն է լինելու հաջորդ կանգառը: Շուշիի գորգերի թանգարանի տնօրենն ասաց, որ դեռևս որոշված չէ:

Ինչ վերաբերում է գորգերը Պատմության թանգարան տեղափոխելուն՝ Վարդան Ասծատրյանն ասաց, որ հարցն «օդում կախված է», ԿԳՄՍ նախարարությունից դեռ հրաման չի եկել:

Հիշեցնենք, որ 168.am-ը դեռևս մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Շուշիի գորգերը պետք է տեղափոխվեին, այսուհետև ներկայացվեին Հայաստանի պատմության թանգարանում, սակայն դահլիճում նորոգման աշխատանքներ պետք է կատարվեն:

Գորգերը ժամանակավորապես պահվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց դրանք տեղափոխելու պահանջ էր ներկայացվել: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասել էր. «Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»:

Տեսանյութեր

Լրահոս