Չեմ հասկանում՝ եթե կողմ եք ռուսական տարբերակին, Վաշինգտոնում ի՞նչ գործ ունեք. Վահան Բաբայան
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առկա անվտանգային մարտահրավերների և ներքաղաքական անկայունության համատեքստում անդրադարձավ վերջին 4.5 տարիների հանրային տրամադրություններին:
«Ցավալին այն է, որ 2018 թվականից հետո, երբ կյանքը, թվում էր՝ շատ վատն է, մարդիկ բողոքում էին՝ ասելով, թե եթե Սերժ Սարգսյանը հեռանա, բոլոր հարցերը կլուծվեն: Սակայն 4.5 տարիների հեռավորությունից նայելով՝ մարդիկ գնահատական են տալիս, որ այն ժամանակ իրենք թեև ապրում էին տարբեր խնդիրներով, բայց ՀՀ անվտանգությունն ապահովված էր, դեռ կար ինքնիշխան Արցախը, ունեինք կայացած բանակ, կայուն զարգացող տնտեսություն, ինչո՞ւ չէ՝ նաև ունեինք այն ազատությունները, որոնց շնորհիվ նաև 2018 թվականը եղավ»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:
Ըստ Վահան Բաբայանի՝ այսօր առկա են պեսիմիստական տրամադրություններ, բայց պետք է մտածել ելքերի մասին:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը խոսեց շրջանառվող փաստաթղթերի մասին՝ նկատելով.
«Կան մեզ առաջարկված տարբերակներ. արևմտյան տարբերակում, ինչպես նշում են, չկա Արցախի ապագայի հարցը, այսինքն՝ այդ էջը փակվում է, իսկ ռուսական տարբերակում, փաստացի, այդ առաջարկություններում նշվում է՝ ԼՂ հարցը պետք է տեղափոխվի ապագա սերունդների քննարկմանը, այսինքն՝ գոնե բաց պատուհան է մնում այդ հարցի լուծման ուղղությամբ»:
Վահան Բաբայանը շեշտեց՝ պետք է կարևորել ոչ թե այն հանգամանքը, թե որ երկրում է թողարկվել տարբերակը, այլ ուշադրություն դարձնել այն առաջարկներին, որոնք բխում են արցախահայության անվտանգության շահերից:
Այս համատեքստում Արևմուտքի շահագրգռությունը նա դիտարկեց տարածաշրջանից Ռուսաստանին դուրս թողնելու նկրտումների շրջանակում՝ արձանագրելով, որ Արևմուտքն այդ կերպ ձգտում է պահպանել միաբևեռ աշխարհակարգը:
«Ամերիկացի կամ ֆրանսիացի ոչ մի զինվոր չի գալու Հայաստանը պաշտպանելու. պատմությունն է դա ցույց տվել: Իհարկե, կարող են Սենատում ծափահարություններով ինչ-որ բանաձև ընդունել: Ի՞նչ անենք՝ ընդունեցին, լավ արեցին, բայց դրանից ինչ-որ բան փոխվե՞ց. Ֆրանսիան ի՞նչ պետք է անի, որ Ադրբեջանի ագրեսիան զսպի: Հայտարարություն, ինչ-ինչ քայլեր, բայց վստա՞հ եք, որ կգնա տնտեսական սանկցիաների, կամ ՀՀ-ին տրամադրի ռազմական աջակցություն. իհարկե ոչ:
Գեոքաղաքական ոլորտում մեծ փորձ պետք չի ունենալ, որ հասկանալ՝ մեր շահերն այսօր համընկնում են ՌԴ շահերի հետ, և մենք պետք է համատեղ կարողանանք լուծումներ գտնել: Իսկ այդ հարցերից ամենագլխավորը արցախահայությանը ցեղասպանվելու վտանգից փրկելն է: Ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած, և եթե նրանք այնտեղից դուրս եկան, արցախահայությանը պաշտպանելու որևէ հնարավորություն չկա,- մանրամասնեց Վահան Բաբայանը, ապա անդրադարձավ այս առնչությամբ իշխանությունների իրարամերժ հայտարարություններին,- Զարմանալի է՝ Փաշինյանը հանդիպում է Սոչիում և հայտարարություն է անում, որ ինքը դեռևս 2021 թվականից կողմ է ռուսական առաջարկներին, բայց փաստացի ասում է՝ Վաշինգտոնին ենք փոխանցել «խաղաղության պայմանագրի» մեր առաջարկները: Չեմ հասկանում՝ եթե կողմ եք ռուսական տարբերակին, Վաշինգտոնում ի՞նչ գործ ունեք, տեսակետ եք փոխանակում, կամ առաջարկությունները տալիս եք Վաշինգտոնին: Այստեղ անհասկանալի բաներ կան, տրամաբանություն չկա»:
Ներքաղաքական զարգացումների մասին իր դիտարկումներում Վահան Բաբայանն արձանագրեց արմատական քայլերի անհրաժեշտությունը:
«Պետք է մարտավարությունը փոխեն: Ժողովուրդը որևէ բանում մեղավոր չէ. ժողովուրդը հազարներով ոտքի էր կանգնել և մեծ հույսեր էր կապում այս ամենի հետ:
Շարժումների անունները փոխելով`հարթակում նույն մարդկանց կանգնացնելով՝ շարժման նպատակներն ու արդյունքները չեն փոխվելու: Միասնական թեկնածու առաջադրելու խնդիրը պետք է լիներ, բայց դա չկա»,- ասաց Վահան Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում