Քննչական կոմիտեի նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդգրկուն շրջանակ։
Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է հայ-իրանական դարավոր բարեկամության նշանակալի իրողությունները և փաստել ներկա փուլում առկա կայուն հարաբերությունների կարևորությունը: ՔԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկարամյա արդյունավետ գործակցությունը և համոզմունք հայտնել, որ ձևավորված ավանդույթներն ու փոխգործակցությունը կլինեն շարունակական` ներառելով առավել հեռանկարային ուղղություններ:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել իրավապահ համակարգում արդյունավետ շփումներ ապահովելու առաջնահերթությունները, տեղեկատվության պատշաճ փոխանակումն ու իրավական փոխօգնությունը:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ իրավապահ մարմինների միջև կապերն առավել ընդլայնելու հնարավորություններին և պայմանավորվածություն են ձեռք բերել հիշյալ գործընթացի շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:
Հետագա համագործակցային ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումներով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են նաև Կոմիտեի ու դեսպանատան համապատասխան ներկայացուցիչներ նշանակելու ձևաչափ կիրառելու հնարավորությունները: