Կարող ենք գնալ կոնկրետ լուծումների. Փաշինյան

«Նաև ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը»,- այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես 2018թ., հիմա էլ կարծում ենք, որ այդ խոսակցության մասնակիցը պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի հայերը: Մենք հույս ունենք և միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա՝ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին: Նաև այն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանելուն: Եթե այս խնդիրը լուծում ենք, իհարկե, ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ խաղաղության վերաբերյալ»:

Անդրադառնալով տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը, նա նկատեց՝ եթե այդ հարցն Ադրբեջանի համար ոչ թե էսկալացիա փնտրել է, այլ իսկապես կոմունիկացիաներ ստեղծելու, այդ հարցը կարող են լուծված համարել.

«Կարծում եմ, մենք զարգացրել ենք մեր ասելիքն այնքան, որ կարող ենք գնալ կոնկրետ լուծումների: Գաղափար կա, որ բարձր կամ բարձրագույն մակարդակներով հանդիպումներում հաճախ չենք հասցնում հարցերի բոլոր դետալների մեջ խորանալ և պետք է դիտարկել այն տարբերակը, որ փորձագիտական մակարդակում ավելի շատ աշխատանք արվի, հետո բարձր մակարդակով այդ աշխատանքները ֆիքսվեն, հետո բարձրագույն մակարդակում արդեն կայացվեն վերջնական որոշումներ: Բանակցային այսպիսի հարթակներ ձևավորելը առաջիկա ամենակարևոր գործերից մեկն է, որը մեզ հնարավորություն կտա տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել»:

Տեսանյութեր

Լրահոս