
G20-ն ընդունել է փետրվարից ի վեր առաջին համատեղ հռչակագիրը. Վիդոդո

«Մեծ քսանյակը» նոյեմբերի 16-ին ընդունել է փետրվարից ի վեր առաջին համատեղ հռչակագիրը, հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն G20-ի նախագահությունը Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու արարողության ժամանակ:
Այդ մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից: 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը Բալի կղզում անցկացվող գագաթնաժողովի փակման միջոցառումը եզրափակվել է նախագահության փոխանցման արարողությամբ:
«Փետրվարից ի վեր առաջին անգամ հաջողվել է համաձայնեցնել և ընդունել համատեղ հռչակագիր», – հայտարարել է Ինդոնեզիայի նախագահը, ով միաժամանակ Մեծ 20-յակի ինդոնեզական նախագահության ղեկավարն էր: 2022 թվականին G20-ի միջոցառումների մեծամասնությունը, այդ թվում՝ նախարարական և ավելի բարձր մակարդակի բոլոր միջոցառումները, ավարտվել են առանց համատեղ փաստաթղթերի ընդունման: Պատճառն այն է, որ մի շարք անդամ երկրներ չեն կարողացել փոխհամաձայնության հասնել քննարկվող փաստաթղթերում հակառուսական արտահայտություններ ու մտքեր ներառելու հարցում: