Լեհաստանը հստակ տվյալներ չունի, թե ով է արձակել հրթիռը, Բայդենը ՌԴ-ի առնչությունը «քիչ հավանական» է համարում
Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 մարդ մահացել է: Ուկրաինայում ռազմական գործողությունների գրեթե 9 ամիսների ընթացքում առաջին անգամ է հարված հասցվում ՆԱՏՕ-ի երկրի:
CNN-ը հաղորդում է, որ առայժմ պարզ չէ, թե ով է արձակել հրթիռը կամ որտեղից է այն արձակվել՝ չնայած Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ «հրթիռը ռուսական արտադրության» է: Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական արտադրության զինամթերք են օգտագործում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական զինված ուժերը:
Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հրթիռի հետագծից ելնելով՝ «քիչ հավանական է», որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից: Միևնույն ժամանակ Բայդենը շեշտել է, որ առայժմ հնարավոր չէ եզրակացություններ անել, մինչև հետաքննությունը չավարտվի: Նման հայտարարություն ԱՄՆ նախագահն արել է Ինդոնեզիայում Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում Մեծ 7-նյակի և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո:
Բայդենի հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ Լեհաստանի օդային տարածքում թռչող ՆԱՏՕ-ի ինքնաթիռը կարողացել է հետևել հրթիռի հետագծին: Նա չի հայտնել, թե ով է արձակել հրթիռը կամ որտեղից է այն արձակվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանն, իր կարծիքով, առնչություն չունի Լեհաստանում ընկած հրթիռի հետ, և կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն իրականացնել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, միջադեպից հետո Լեհաստանի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում է հրավիրել:
Իսկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները հստակ տվյալներ չունեն այն մասին, թե ով է արձակել հրթիռը:
Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լեհական ԶԼՄ-ների հայտարարությունները «Պշևոդուվ բնակավայրում իբրև թե ռուսական հրթիռների ընկնելու մասին դիտավորյալ սադրանք են՝ ուղղված իրավիճակը սրելուն»: ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինա-Լեհաստան պետական սահմանի մոտ ռուսական միջոցները որևէ թիրախի չեն հարվածել: