Մենք շփոթված, բաց վերքով հասարակություն ենք, բայց այս իրավիճակից դուրս գալու համար ազգն ունի որոշում կայացնելու պոտենցիալ. Նվարդ Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սոցիոլոգ, PR մասնագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանն է:
Զրույցի ընթացքում նա նշել է.
- Մենք շփոթված, չկողմնորոշված հասարակություն ենք, հետպատերազմյան շրջանի նևրոտիկ, դեպրեսիվ տրամադրությունները չեն անցել, կան վախեր, ելքեր փնտրելու ապակողմնորոշվածություն:
- Մեր հասարակության մեջ կա բաց վերք, որին ցանկացած հպում դյուրագրգռություն է առաջացնում…
- Հասարակություն ենք, որ միակ ելքը առայժմ գտնում է ցավազրկող հաբ խմելով ու խորը քնի մեջ ընկնելով…
- 2018-ի հեղափոխության ընթացքում կոմպլեքս տեխնոլոգիաներ են կիրառվել, սակայն դրանք մանիպուլյատիվ բնույթ են կրել, թե ոչ՝ դժվար է ասել, քանի որ դեռևս չկան լուրջ հետազոտություններ:
- 2018-ին կիրառվող տեխնոլոգիաները փորձված էին, կիրառվել էին տարբեր երկրներում, դրանց մասին գրված էին արևմտյան տարբեր աշխատություններում:
- 2018-ից հետո մարդիկ ունեին սպասումներ՝ կար մի խումբ, որ ակնկալում էր ինստիտուցիոնալ փոփոխություններ: 2019 թվականը բնորոշվում է՝ որպես բավարարվածության տարի, սակայն 2020-ին հասարակությունը, մենք բոլորս հայտնվեցինք լրջագույն ճգնաժամի մեջ. Նախ, Քովիդի հետևանքների պատճառով՝ հասարակությունն անպատրաստ էր նման ճգնաժամերի: Կորոնավիրուսն անհայտի ճգնաժամ էր, որի նախադեպը չկար, և չկային դրա դեմ պատրաստի միջոցներ, իսկ այն վարքագիծը, որը համավարակի սկզբնական շրջանում դրսևորեց իշխանությունը, բնորոշ էր նաև մեր հասարակությանը՝ «մեզ գրող էլ չի կպչի» հայտնի արտահայտությամբ: Մի կողմից՝ ժողովուրդն էր հակված նման վարքագծի, մյուս կողմից՝ իշխանությունները նրան խրախուսում էին…
- Դրան հաջորդեց 2020-ի կործանարար պատերազմը…
- Ընդհանրապես պատերազմների ժամանակ ռազմական հատուկ քարոզչություն է իրականացվում: Նման դեպքերում տարբեր երկրներում հավաքվում են գիտնականներ, հրապարակախոսներ, լավագույն մասնագետներ և հստակ ռազմավարությամբ ռազմական քարոզչություն են իրականացնում, ինչը մեր երկրում, ցավոք, չեղավ. ոչ հասարակությունը, և ոչ էլ իշխանությունը պատրաստ չէին նման հաղորդակցության: Ոչ պատերազմ, ոչ խաղաղության մեջ գտնվող երկրում պետք է հստակ տեխնոլոգիաներ զարգացնել: Դրա համար կան հստակ կանոններ՝ ճշմարտությունը, կիսաճշմարտությունն ասելու հստակ կանոններ: Պատերազմի ժամանակ մարդիկ տեղեկություն ստանում էին ավելի շատ ռուս «վոենկորներից», քան տեղական լրագրող վերլուծաբաններից:
- Պատերազմի օրերին մարդն իր հարազատներից այլ բան էր լսում, պաշտոնական լրատվությունից, պետական մարմիններից այլ տեղեկություն էր ստանում, և անընդհատ կրկնում էին՝ հետևեք պաշտոնական լրահոսին. այս տարաբնույթ տեղեկությունների հորձանուտում մարդն ինչի՞ն հավատա…
- Ապակողմնորոշված վիճակում գտնվող հասարակությունն ունի հոգատարության կոմունիկացիայի կարիք, փոխարենը՝ մենք ամեն օր ստանում ենք մարտահրավերների կոմունիկացիա:
- Խորանում է հասարակական ապատիան, այնինչ հասարակությունը սպասում է մի ելքի, որ հետո հանգիստ ապրի:
- Եթե պատերազմից անմիջապես հետո մարդկանց համար սոցիալական խնդիրներն էին կարևոր, ապա այսօր նրանց համար թոփ մեկ խնդիրն անվտանգությունն է, մնացյալն արդեն ածանցյալ է, և սա գուցե կբերի հասարակությանը պահանջատիրության՝ պահանջել, որ լինի անվտանգություն, վաղվա օրվա հանդեպ վստահություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ստույգ ինֆորմացիա՝ ինչ է լինելու, և ինչ է մեզ սպասվում:
- Հասարակությունն արդեն հասկացել է նաև ֆեյք-նյուզի վտանգը. ֆեյք-նյուզը աղետ է ամբողջ աշխարհում, և դրա դեմ պայքարի միակ միջոցն առայժմ մեդիագրագիտությունն է, որից մենք դեռ շատ հեռու ենք:
- Մենք այսօր ամբողջությամբ սպառողական հասարակություն ենք:
- Մենք անընդհատ արժեքների փնտրտուքի մեջ ենք, իսկ արժեքներ չունենալը նշանակում է չդաստիարակվել, չունենալ իդեալներ, ինչին ինքը սպասում է. դրա համար պետք է հստակ ռազմավարություն, ոչ թե պետական, այլ ազգային ռազմավարություն, որն ավելի բարձր մակարդակի է և միավորող է:
- Մենք չգիտենք մեր լավն ու վատը, մենք չունենք հերոս, և դրա ուրվագիծն անգամ այսօր չկա՝ լավ բիզնեսմեն, լավ գիտնական… Հերոս, որի արժեհամակարգը պետք է ընդունելի լինի բոլորի համար:
- Մենք չենք հասկանում՝ ո՞ւմ հետևից գնանք, ո՞վ է այն էտալոնը, որի հետևից պետք է գնալ, որը գիտի ճանապարհը, պատրաստ է պատասխանատվություն վերցնել ու գիտի հստակ քայլերը:
- Այս իրավիճակից դուրս գալու համար ազգն ունի որոշում կայացնելու պոտենցիալ:
- Եթե լինեին արժեքները, գծված լինեին դրանք չանցնելու սահմանները, կարմիր գծերը, այդ դեպքում հնարավոր կլինե՞ր պատմությունը թաղելու մտքի ծագումը. իհարկե ոչ:
- Հասարակությունը հիվանդ է, հասարակությունը պետք է բուժվի, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակական և քաղաքական կամք: Իսկ ո՞ւմ է ձեռնտու նման հիվանդ հասարակությունը, համոզված եմ՝ այդ ուժերը ներսում չեն:
- Մենք համարում ենք՝ պետությունը պապան է, և մեր փոխարեն ինքը կորոշի՝ ինչ անել: Ես առաջարկում եմ՝ պահանջել, հստակ պահանջ դնել պետության առջև:
- Հասարակությունն այսօր բևեռացված է, մի մասը տենչում է ուժեղ ձեռք, մյուս մասն ուզում է ծրագրեր և պատրաստ է ինքն էլ մասնակից լինել դրանց կատարմանը: Ոչ մեկին անգամ մշուշոտ ուրվագծված արձագանք չկա:
- Ամենամեծ խնդիրն այն է, որ ընդդիմությունը չի ճանաչում իր ընտրազանգվածին, կրկնում է նախորդ ժամանակների ընդդիմության՝ այսօրվա իշխանության քայլերը, փորձում է կատարել պրոտեստային էլեկտորատի պահանջները:
- Այսօր պրոտեստի էությունը ձևավորված չէ՝ ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, սոցիալական ի՞նչ շերտեր են ներկայացնում գյուղում և քաղաքում: Հին տեխնոլոգիաներով այսօր հնարավոր չէ աշխատել:
- Չկա այն մարդու ուրվագիծը, որը գիտի ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունը, որը գիտի՝ ուր պետք է տանել:
- Երբ սկսվի հասարակության միավորման գործընթացը, ապատիկ վիճակից արթնացնողներ կլինեն:
- Մինչև չունենանք հստակ ճանապարհային քարտեզ և մենք չհասկանանք մեր լավն ու վատը, մինչև չունենանք այն մարդկանց, որոնք պատասխանատվությամբ և ոչ թե սեփական շահերով են առաջնորդվում, չենք ունենա արդյունք:
- Ընդդիմությունը պետք է գնա մարզեր, հանդիպի մարդկանց, ապրի նրանց հետ:
- Մենք հապաղելու ժամանակ չունենք՝ ունենք մեծ մարտահրավերներ դրսից: