««Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր մանդատը վայր դնելու նպատակ չունի». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածված խոսակցություններին, թե ընդդիմադիր պատգամավորներն իշխանության ճնշման ներքո վայր կդնեն մանդատները։

««Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր մանդատը վայր դնելու նպատակ չունի։

Մանդատը մեզ համար տաժանակիր աշխատանք է և ընդամենը գործիք, որն այս պահին ընդդիմությանն անհրաժեշտ է։

Մեր խմբակցության պատգամավորները խորհրդարանական դիվանագիտության և անվտանգության ոլորտում առավել ակտիվ են, քան իշխող խմբակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է փողոցային պայքար վերսկսելուն, Հայկ Մամիջանյանը փոխանցեց, որ փողոցային պայքարին վերադառնալու համար այս պահին արվում է «տնային աշխատանք», այսինքն՝ նախապատրաստական։

«Ինչ-որ մեկն ակնկալո՞ւմ է, որ ՔՊ-ն կգա Արցախի,  հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ բանակցությունների, մեզ համար «Կարմիր գծերի» սահմանման վերաբերյալ քննարկումներին»,- ասաց Հայկ Մամիջանյանը և ընդգծելով, որ ընդդիմության փողոցային թեժ ակցիաներից հետո փոխվեց իրողությունը, ապրիլին, երբ  Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր Արցախի նշաձողն իջեցնելու մասին ընդդիմության  ակցիաներից հետո փոխվեց իշխանության առնվազն հռետորաբանությունը։

«Շատ խնդրում եմ, որպեսզի մեր քաղաքացիները չշփոթեն՝ իրենց մտայնությունները, մտադրությունները շարունակում են մնալ նույնը։ Իրենք ընդամենը վախենալով ժողովրդի ցասումից՝ փոխել են հռետորաբանությունը»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ չեն մասնակցելու նաև Կառավարության հետ հարցուպատասխանին։

Տեսանյութեր

Լրահոս