Իմ և Թուրքիայի նախագահի ասածներն անհամատեղելի չեն. Փաշինյան

«Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ է Ադրբեջանը դիրքեր տեղադրել ԼՂ շուրջ և ինչո՞ւ են կրակում ԼՂ վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը, առաջին հերթին, պետք է տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞րն է ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական տեսլականը, որ Ղարաբաղում բոլոր ապրող հայերը պետք է արժանանան այն նույն ճակատագրին, որին արժանացել են կամ գոնե այս պահին ինչ վիճակում գտնվում են Հադրութի հայե՞րը: Այդ դեպքում պետք է արդարացված համարենք իմ այն արձանագրումը, որ այս ամենից ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է ստացվում կամ հենց այդպես էլ կա»,-ասաց նա:

Նա խոսեց նաև Էրդողանի հետ հանդիպումից՝ շեշտելով՝ դրական տպավորություն է ստացել. «Ե՛վ հեռախոսազրույցը, և՛ հանդիպումը ես գնահատում եմ դրական այն առումով, որ խոսակցությունը, բովանդակությունը, Թուրքիայի նախագահի և իմ ասածները անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող հայտարարություններից»։

«Այո, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ սերտ են, բայց օրինակ՝ չգիտեմ՝ ինչպիսին կլինի Թուրքիայի մոտեցման փոփոխությունը, եթե բոլորի համար ակնհայտ լինի, որ Ադրբեջանն ուղղակի խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, առանց դրա հիմնավորումն ունենալու»,-ասաց Փաշինյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ Թուրքիայի համար հիմա պարզ չէ՞ դա, նա պատասխանեց.

«Տպավորությունը, թե բոլորին միշտ ամեն ինչ և ամեն տեղ պարզ է, այդքան էլ ճիշտ չէ, հակառակ դեպքում դիվանագիտական շփումների կարիքը չէր լինի, բոլորը միմյանց մամուլը և հարցազրույցները կկարդային և դրանով պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումների անհրաժեշտություն չէր լինի»:

Փաշինյանը պնդում է, որ իր և Թուրքիայի նախագահի շփումների արդյունքում տեսնում է, որ կան հնարավորություններ, ինչը չի նշանակում, թե երաշխավորում է, որ հարցերը կլուծվեն, ուղղակի ընդգծում է, որ խոսակցությունն սկսված է. «Եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացել, դա շատ լուրջ առաջընթաց կլինի, մենք հիմա դրա վրա աշխատում ենք, բայց չեմ ուզում պատրանքների մեջ ընկնենք»:

Տեսանյութեր

Լրահոս