Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 27-ին կկայանան բոլոր քաշային կարգերի եզրափակիչները:
48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ:
92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կրկին Ռուսաստանից Մուսլիմ Գադջիմոգոմեդովն է:
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր: Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը: