Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան
Ապրիլի 26-ին Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը տեղեկություն էր տարածել, որ պայմանագրային զինծառայողները միանում են մեր պայքարին՝ մոտ 20 հոգի: Այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողները մեկնել են տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց, և հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:
Լրագրողների հետ զրույցում Տավուշում պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը նշել է, որ պայմանագրային զինծառայողները, տեսնելով, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում հավաքի մասնակիցների նկատմամբ, լինելով այս մարզից, այս գյուղերից, եկել էին իրենց աջակցությունը հայտնելու, տեսնելու՝ ինչ է կատարվում այդտեղ:
«Բոլորս էլ ականատես եղանք՝ քանի երեխա, կին վատացավ, բռնի ուժ կիրառեցին էդ ժողովրդի դեմ, որոնք իրենց հողի համար են պայքարում, որ թուրքը չմտնի իրենց հողը: Պայմանագրային զինծառայողներն էլ ընդամենը եկան աջակցություն հայտնելու: Ես ինքս՝ որպես նախկին զինվորական, հորդորեցի՝ տղերք ջան, ձեր տեղը սահմանն է, գնացեք ձեր սահմանը: Մարդիկ չէին եկել միանալու կամ ինչ-որ բան անելու»,- շեշտել է Մախսուդյանը:
Ըստ նրա, պայմանագրային զինծառայողները ճնշման տակ են ՔԿ-ի տարածած տեսանյութում զղջման տեքստ ասում:
Մանրամասները՝ տեսանյութում