Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզի առողջապահական կենտրոններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։
Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերին, իմունականխարգելման գործընթացին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն առնչվող հարցերին։
Այնուհետև պատասխանատուներն այցելել են «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային Գյումրի կայան, որտեղ ներկայացվել է նոր ներդրվող կենտրոնացված ծառայության աշխատանքները, կարևորվել է միասնական շտապօգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և օպտիմալ կազմակերպման առանձնահատկությունները։
Նախարարն այցելել է նաև «Գյումրու բժշկական կենտրոն»։
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, որտեղ ներդրվել է արհեստական սերմնավորման կաբինետ։
Այնուհետև շրջել են նոր վերանորոգված ինֆեկցիոն բաժանմունքում, որից հետո հետևել են բժշկական կենտրոնում իրականացվող ներքին և արտաքին հարդարման աշխատանքներին. այդ նպատակին ՀՀ Կառավարությունը հատկացրել է 163 մլն դրամ։