Մենք շահագրգռված ենք Հայաստանում ձեռներեցության զարգացմամբ․ հարցազրույց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրենի հետ

Թվայնացման աճին զուգընթաց էլեկտրոնային առևտուրը դարձել է համաշխարհային տնտեսության էական փոփոխությունների շարժիչ ուժը: Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենամեծ մարքեթփլեյսը՝ Ozon-ը, հայկական շուկա է մուտք գործել նախորդ տարվա ամռանը։ Առցանց առևտրի, մարքեթփլեյսի զարգացման և հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորության մասին զրուցել ենք «Օզոն Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանի հետ:

 – Անցյալ տարի Ozon-ն իր գործունեությունն սկսեց Հայաստանում։ Ինչպե՞ս եք նախատեսում ազդել Հայաստանում առցանց առևտրի շուկայի վրա:

– Հայաստանում առցանց առևտուրը զարգանում է արագ տեմպերով։ Միայն 2023 թվականին հայաստանցիներն ավելի քան 449 միլիոն դոլար են ծախսել առցանց գնումների վրա, իսկ Ozon-ի և չորս այլ խոշորագույն մարքեթփլեյսների ամենօրյա լսարանը աճել է 70%-ով։ Եթե ​​ներկայիս տեմպերը պահպանվեն, ըստ Statista-ի կանխատեսումների, մինչև 2028 թվականը Հայաստանում նման ռեսուրսներից օգտվողների թիվը կհասնի 1,73 միլիոն մարդու, իսկ մեկ անձի կտրոնի միջին արժեքը մինչև 2025 թվականի հունվարը կկազմի 1,18 հազար դոլար։

Համաձայն մեր կայքի վիճակագրությանը՝ վերջին երեք տարիների ընթացքում հաճախորդներն սկսել են 4 անգամ ավելի հաճախ պատվերներ կատարել Ozon-ում․ սա ենթակառուցվածքում ներդրումների, տեսականու ընդլայնման և օգտատերերի համար բարենպաստ գների պահպանման արդյունքն է: Ակտիվ գնորդների թիվը Ozon-ում 2023 թվականին գրեթե մեկ երրորդով ավելացել է՝ նախորդ տարվա 35, 2 միլիոնի փոխարեն դարձել է 46 միլիոն:

Անշուշտ, մենք ձգտում ենք ակտիվորեն բարձրացնել մեր ցուցանիշները հայկական շուկայում։ Տարածաշրջանում հաջողությամբ զարգանալու համար մենք կենտրոնացած ենք երեք հիմնական ուղղությունների վրա՝ երկրում լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում, տեղական ձեռներեցության զարգացում և աջակցություն և, իհարկե, մեր ծառայության մշտական ​​կատարելագործում, որպեսզի Հայաստանի բնակիչներն ունենան հարմարավետորեն առցանց գնումներ կատարելու հնարավորություն։

Այս ամենը փոխկապակցված է։ Որքան շատ մարդ է տեղեկանում մարքեթփլեյսների մասին, ինչ-որ բան է գնում առցանց, այնքան ավելի ակտիվ է զարգանում էլեկտրոնային առևտուրը: Զարգացնելով մեր բիզնեսը Հայաստանում, օգնելով ձեռներեցներին մուտք գործել հարթակ, զարգացնելով լոգիստիկ կարողությունները՝ մենք մեր ներդրումն ենք ունենում Հայաստանում առցանց առևտրի զարգացման գործում:

– Առցանց առևտրի հայկական շուկայի ո՞ր առանձնահատկություններն եք առավել կարևոր համարում մարքեթփլեյսի հաջող ադապտացման համար: Ինչո՞վ է Հայաստանը առանձնանում ԱՊՀ մյուս երկրներից։

– Իհարկե, տեղական շուկային հաջողությամբ հարմարվելու համար ցանկացած բիզնես պետք է հասկանա և հաշվի առնի երկրի մշակութային և տնտեսական մի շարք առանձնահատկություններ: Ինչպես վերը նշեցի, էլեկտրոնային առևտուրը Հայաստանում սկսեց ակտիվ զարգանալ միայն վերջին տարիներին, և այս գործընթացի կատալիզատորը դարձավ Covid-ի սահմանափակումների ներդրումը. համաճարակի առաջին տարում առցանց առևտրի շրջանառությունը եռապատկվեց։ Այն փաստը, որ Հայաստանի բնակիչները համեմատաբար վերջերս են սկսել տիրապետել առցանց գնումներին, կարևոր է. էլեկտրոնային առևտրի շուկան դեռ ծանրաբեռնված չէ, երկրի բնակիչները բաց են նոր ծառայությունների և նոր փորձառությունների համար: Իսկ մեր խնդիրն է հայ հաճախորդներին պատմել օնլայն գնումների բոլոր հարմարությունների մասին՝ ժամանակի և գումարի խնայողություն, ապրանքների լայն տեսականի:

Պարզապես պատկերացրեք. մեր հարթակն առաջարկում է ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիայում: Բազմաթիվ խանութեր այցելելու անհրաժեշտություն չկա՝ հայ գնորդը կարող է տանը, առանց շտապելու, պատվիրել օրինակ՝ պտուտակահան, թավա և մանկական խաղալիք։ Պարզությունն ու հարմարավետությունը մարքեթփլեյսների հիմնական առավելություններն են, ինչը, զուգորդված է հանրային տարբեր ոլորտների թվայնացմամբ, որն, անշուշտ, կհանգեցնի Հայաստանում առցանց առևտրի աճին:

– Ինչպե՞ս եք գնահատում Ozonի Հայաստանում առցանց առևտրի առաջատարը դառնալու հնարավորությունները: Ի՞նչ աճի տեմպեր է ակնկալում ընկերությունն առաջիկա տարիներին:

– Մենք հայկական շուկայում մեկ տարուց էլ քիչ ենք ներկայացված, բայց մեր աճի տեմպերն արդեն գերազանցել են մեր իսկ հավակնոտ կանխատեսումները։ Այնուամենայնիվ, երկրում ներկայության առաջին տարիներին ընկերության արդյունքները միշտ ամենատպավորիչն են, ուստի մեր խնդիրն է պահպանել այս դինամիկան ապագայում: Մենք իսկապես շատ ծրագրեր ունենք, բայց հաջողությունն անհնար է առանց սպասարկման և ներքին գործընթացների մշտական ​​կատարելագործման։ Այժմ մենք կենտրոնացած ենք գնորդների համար առաքման ժամկետների կրճատման, վաճառողների համար լոգիստիկայի օպտիմալացման վրա և շուտով կվերսկսենք ընդլայնել պատվերների հանձնման կետերի ցանցն ամբողջ Հայաստանում:

– Ինչպե՞ս է Ozon-ն իր հարթակը հարմարեցնում հայ սպառողների առանձնահատկություններին և նախասիրություններին:

– Այլ երկրում բիզնես կառուցելն անհնար է առանց տեղայնացման և տեղական օգտատերերի կարիքները հաշվի առնելու, ուստի մենք փորձում ենք հնարավորինս հարմարեցնել մեր ծառայությունները հայաստանյան գնորդների համար։ Օրինակ, հարթակն արդեն հասանելի է նաև am.ozon.com տեղական դոմեյնով։ Այստեղ ցուցադրվում են միայն հայաստանյան բնակիչներին հասանելի ապրանքները հայկական դրամով։ Նաև մոտ ապագայում հաճախորդների սպասարկումը կիրականացնեն հայերեն լեզվով։

– Ներկայումս առաքման ի՞նչ եղանակներ ունի Ozonը Հայաստանում:

– Առցանց գնումների մեկ այլ առավելությունն այն է, որ պատվիրելիս գնորդը կարող է ընտրել ապրանքը ստանալու մի քանի եղանակներից մեկը: Հայաստանյան օգտատերերը կարող են ստանալ իրենց ապրանքները Ozon-ի մոտակա ապրանքների հանձնման կետերից կամ Haypost-ի բաժանմունքներից։ Եթե ​​չեք ցանկանում տանից դուրս գալ կամ, օրինակ, ծանր պատվեր ունեք վերցնելու, կարող եք օգտվել Հայփոստի սուրհանդակային առաքումից։ Նաև շատ մոտ ապագայում երևանցիներին հասանելի կլինի Ozon-ի սուրհանդակային առաքման տարբերակը։

– Ե՞րբ եք պատրաստվում Հայաստանում տեղական պահեստ բացել՝ պատվերների սպասարկումը բարելավելու համար:

– Լոգիստիկ կարողությունների հզորացումը 2024 թվականի մեր հիմնական նպատակն է։ Անցյալ ամառ մենք արդեն գործարկեցինք մեր առաջին տեսակավորման կենտրոնը՝ 2000 քմ տարածքով։ Մոտ ապագայում մենք կընդլայնենք առկա պահեստային համալիրը 1,5 անգամ և կսկսենք առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլը. վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կպահվեն, կփաթեթավորվեն և կուղարկվեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի հաճախորդներին։

– Ինչպե՞ս է Ozon աջակցելու տեղական արտադրողներին ձեր հարթակի միջոցով միջազգային շուկաներ մուտք գործելու հարցում։

– Ներկայումս Հայաստանից Ozon-ում գրանցված է ավելի քան 2500 ձեռնարկատեր։ Կարելի է տեսնել, որ միջինում ամեն ամիս նրանց շրջանառությունը 3 անգամ ավելանում է ինչպես երկրի ներսում վաճառքի, այնպես էլ Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Ուզբեկստանում մեր 46 միլիոն ակտիվ հաճախորդների գնումների շնորհիվ։

Մենք իսկապես շահագրգռված ենք երկրում տեղական ձեռներեցության զարգացմամբ և մշտապես կատարելագործում ենք մեր վաճառողների սպասարկումը: Որպեսզի օգնենք վաճառողներին արագ ավելացնել իրենց շրջանառությունը, մենք ունենք բազմաթիվ անվճար դասընթացներ, մեր մենեջերները սկզբնական շրջանում օգնում են ցանկացած հարցում: Մենք նաև մեծ ներդրումներ ենք կատարում լոգիստիկայի ոլորտում, մեր կողմից հավելյալ զեղչեր տրամադրում: Ավելին, մենք ձեռնարկատերերին առաջարկում ենք շուկայավարման գործիքների լայն տեսականի՝ հաճախորդներին ինքնուրույն ներգրավելու համար:

Ինչ վերաբերում է լոգիստիկային, ապա մենք շուտով կգործարկենք հայկական ապրանքները ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը Երևանի մեր պահեստի միջոցով։ Այսպիսով, վաճառողները կկարողանան ապրանքները հնարավորինս մոտ պահել ռուս սպառողին և կրճատել առաքման ժամանակը:

Բացի այդ, արդեն մայիսին վաճառողները կկարողանան փոխանցել իրենց ապրանքները Հայաստանի տարածքում գործող 192 հանձնման կետերից որևէ մեկում։ Այս կերպ ձեռնարկատերերը նվազագույնի են հասցնում ապրանքների առաքման համար պահանջվող ծախսերն ու ժամանակը: Մենք նաև նախատեսում ենք մինչև 2024 թվականի ավարտն ավելի քան 2,5 անգամ ավելացնել ապրանքների հանձնման կետերի գործընկերային ցանցը։

– Ի՞նչ արդյունքների եք հասել Հայաստանում աշխատանքի առաջին տարում։

– Հայաստանում մեր ներկայացուցչությունը բացել ենք միայն անցյալ տարի, բայց արդեն հասցրել ենք հսկայական աշխատանք կատարել։ Ինչպես վերը նշեցի, մենք արդեն ունենք գրանցված մի քանի հազար տեղական վաճառողներ, որոնց շրջանառությունն ամսից ամիս սրընթաց աճում է, ինչով, անշուշտ, շատ հպարտ ենք։

Մենք նաև գործարկեցինք մեր սեփական տեսակավորման կենտրոնը Երևանում՝ ավելի քան 2000 քմ ընդհանուր մակերեսով։ Սա իսկապես մասշտաբային միջոցառում է, որն առաջին հերթին հեշտացնում է տեղական վաճառողների մուտքը ռուսական շուկա, երկրորդ՝ նպաստում է գնորդին ապրանքների ավելի արագ առաքմանը։ Այս տարվա ծրագրերից մեկն էլ լոգիստիկ այս օբյեկտի տարածքն ընդլայնելն է մինչև 3000 քմ։

Հայաստանում գործարկել ենք նաև ապրանքների հանձնման ֆրանչայզինգային կետեր: Ինչը բիզնես սկսելու հեշտ տարբերակ է, որը մեծ ծախսեր չի պահանջում և ապահովում է կայուն եկամուտ։ Մինչ օրս Հայաստանում բացվել է ավելի քան 192 կետ, իսկ մինչև տարեվերջ նախատեսում ենք դրանց թիվը հասցնել 500-ի ողջ հանրապետությունում։

Մենք նախատեսում ենք շարունակել ակտիվորեն ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, ինչպես նաև բարելավել ծառայությունները և՛ վաճառողների, և՛ գնորդների համար:

– Ի՞նչ ներդրում կարող է ունենալ Ozonը Հայաստանի տնտեսությունում՝ աշխատատեղերի ստեղծման, հարկային եկամուտների և տեղական բիզնեսին աջակցության առումով։

– Մեր գրասենյակը գտնվում է Երևանում և մեր բոլոր աշխատակիցները Հայաստանի քաղաքացիներ են։ Մենք նաև հարկեր ենք վճարում տեղական բյուջե։ Ակտիվորեն զարգացնում ենք երկրի լոգիստիկ ենթակառուցվածքը. կառուցում ենք պահեստներ, որոնք նաև աշխատատեղեր են ստեղծում, ընդլայնում ենք հանձնման կետերի ցանցը, որոնք պատկանում են հայ գործարարներին և որտեղ աշխատում են հայաստանյան աշխատակիցներ։ Մեր հարթակից արդեն օգտվում են մի քանի հազար տեղական վաճառողներ։ Մենք ներդրումներ ենք կատարում ձեռներեցների կրթման գործում՝ մարքեթփլեյսում աշխատելու համար. մեր կրթական ծրագրերն օգնում են ձեռներեցներին առաջին քայլերն անել Ozon-ում: Իրականացնում ենք կոնֆերանսներ և պարբերաբար շփվում գործընկերների հետ, պատասխանում հարցերին և խոսում նորարարությունների մասին:

Մենք նաև բարելավում ենք գնորդների կյանքի որակը Հայաստանում՝ նրանց առաջարկելով հարմարավետ առցանց գնումների ծառայություն՝ լայն տեսականի, անվճար առաքում, ինչպես նաև ապրանքների վերադարձ։ Մենք Հայաստանում պահպանում ենք գների մատչելի մակարդակը՝ զեղչերի և պարբերաբար ակցիաների կազմակերպման գործում ներդրումներ կատարելով:

Մենք նախատեսում ենք շարունակել ակտիվորեն բարելավել լոգիստիկան, նվազեցնել ապրանքների առաքման ժամկետները, օգնել տեղական վաճառողներին մեծացնել եկամուտը մարքեթփլեյսում, ինչպես նաև հայաստանյան գնորդներին տրամադրել առանց ուշացումների առաքման և առցանց գնումների բարձրորակ ծառայությունններ:

– Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում Հայաստանում Ozon-ի զարգացման շրջանակում:

– Իհարկե, մենք չենք պատրաստվում կանգ առնել և շարունակելու ենք ակտիվ ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում։ Եթե ​​ամփոփենք այս տարվա համար արդեն ծրագրված բոլոր աշխատանքները, ապա նշենք լոգիստիկ կարողությունների հետագա զարգացումը. մոտ ապագայում մենք Երևանում կընդլայնենք տեսակավորման կենտրոնի տարածքը 2000-ից մինչև 3000 քմ և կգործարկենք Fulfillment կենտրոն՝ Հայաստանից Ռուսաստան առաքման ժամկետները կրճատելու համար։ Մինչև 2024 թվականի ավարտ մենք մտադիր ենք բացել մինչև 500 ապրանքների հանձնման կետ ամբողջ հանրապետությունում, ինչը կհեշտացնի պատվերների ստացման և վերադարձման գործընթացը: Նաև շուտով վաճառողները կկարողանան ապրանքները փոխանցել ապրանքների հանձնման մոտակա կետերում:

Մենք ակնկալում ենք պահպանել դրական դինամիկան մինչև 2024 թվականի ավարտը և, իհարկե, բարելավել մեր ծառայությունները Հայաստանում և՛ վաճառողների, և՛ գնորդների համար։

Տեսանյութեր

Լրահոս