Սա 2018 թվականի սխալ նախադեպն է, այդ զինվորականներին պատասխանատվության ենթարկելու հրապարակային տեղեկություն մինչև այսօր չկա. Մարտիկ Մարտիրոսյան

Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել երեկ Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում եղած զինվորականների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

Այսօր գրեթե նույն ժամին Տավուշում լրագրողների հետ զրույցում պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ասել է՝ զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք երեկ երեկոյան Կիրանց են գնացել աջակցելու փողոցում եղած բնակիչներին, այլ ոչ թե միացել են բողոքի ակցիա անողներին։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության պահանջին, նրա իսկ հորդորով, ոստիկաններից բացի, միացել էին նաև զինվորականներ, որոնց վերաբերյալ որևէ քրեական վարույթ չէր նախաձեռնվել։

168.am-ի հետ զրույցում զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը խոսելով Ոսկեպար-Կիրանցում հայտնված զինվորականների և այնուհետև ՔԿ-ի տարածած հաղորդագրության մասին, ինչպես նաև այն խոսակցությունների, որ զինվորականների վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նրանք հայտարարեն, թե զղջում են իրենց կատարած քայլի համար, ասաց՝ ճնշումների վերաբերյալ խոսակցություններին կարող են հավատալ կամ չհավատալ, սակայն այստեղ խնդիրն այլ է։

Կարդացեք նաև

«Ի սկզբանե զինծառայողներն իրավունք ունեն մասնակցելու խաղաղ հավաքների, բայց որոշ սահմանափակումներ կան նրանց պարագայում։ Ամենակարևոր խնդիրը, որ, ասենք, հանցագործության հետ առնչություն չունենան, չպետք է դա լինի ծառայողական պարտականությունների կատարման հաշվին։ Սա ամենակարևոր հարցն է, որը պետք է պահեն իրենց ապահովագրելու համար։

Հավաքների մասնակցելու ազատության մասին օրենքն է նշում, որ զինծառայողները դրանց պետք է մասնակցեն առանց զինվորական համազգեստի և ամենակարևորը՝ զինծառայողները չեն կարող զորամասի անունից հայտարարություն տարածել։

Այսինքն՝ 2018 թվականին զինծառայողների մասնակցությունը հանրահավաքներին սխալ է եղել։ Եթե չեմ սխալվում՝ ինչ-որ հայտարարություններ են եղել, որ ծառայողական վարույթ են նախաձեռնել և այլն, բայց արդյունքների մասին չեն խոսել, սա ճիշտ չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ տեսել է ՔԿ-ի այսօրվա տարածած տեսանյութերը, որոնք, ըստ նրա՝ իրականում տհաճ էին, քանի որ զինծառայողներին տեսախցիկների առաջ խոսեցնելը ճիշտ չէ։ Նույնիսկ եթե զինծառայողների կողմից զղջալու հարց է եղել, դա կարող էին անել վարույթն իրականացնող մարմնում, և դա չհրապարակվեր, կամ գոնե տեսանյութով չհրապարակվեր, որը կարող է խնդրահարույց լինել Զինված ուժերի տեսանկյունից՝ բարոյահոգեբանական, արժանապատվության տեսանկյունից։

«Այս դեպքում պետք է նայեն, եթե ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ են մասնակցել, խուսափել են ծառայողական պարտականությունները կատարելուց, քրեական վարույթ նախաձեռնելու առերևույթ հիմքեր կարող են լինել։ Եթե եկել են ոչ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, այսինքն՝ ծառայությունից դուրս, այստեղ խնդիրը միայն այն է, որ եկել են զինվորական համազգեստով, որը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք չէ»,- նշեց մեր զրուցակիցը։

Փաստաբանի բնորոշմամբ՝ զինծառայությունը կոնկրետ է, և հենց նրանց շահերից է բխում, որ եթե մասնակցում են հավաքների, ապա որքան հնարավոր է՝ օրենքներին համապատասխան մասնակցեն։ Եթե պետք է մասնակցեն, հետո հայտարարեն, որ զղջում են, ապա ավելի լավ է որևէ մասնակցություն չունենան։

«Գուցե այդ զինծառայողների մի մասը եկել է ծառայությունից դուրս, ամեն ինչ պետք է մանրամասն ուսումնասիրվի։ Անկախ այն հանգամանքից, որ 2018 թվականին նման սխալ է եղել, շատ մեծ սխալ, երբ որպես զորամասի ստորաբաժանում՝ միացան, որի իրավունքը չունեին՝ համազգեստով միացան ցույցին, նման բան չպետք է կրկնվի։ Կարծում եմ՝ հենց այդ նախադեպն է, որ մարդկանց թվում է, թե օրինական է։ Ընդ որում, այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու որևէ հրապարակային տեղեկություն մինչև այսօր չկա»,- եզրափակեց Մարտիկ Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս